Վարչապետ. Հատուկ նշանակություն ենք տալիս տրանսպորտային շուկայի զարգացմանը
«Որպես ԵԱՏՄ անդամ պետություն՝ հատուկ նշանակություն ենք տալիս տրանսպորտային շուկայի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը»: Ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տրանսպորտի ոլորտի ղեկավար կազմի հետ հանդիպմանը:
Հիշեցնենք, որ նրանք Հայաստան են ժամանել ԵԱՏՄ պետությունների տրանսպորտի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների 6-րդ խորհրդակցությանը մասնակցելու նպատակով: Վարչապետը վստահություն է հայտնել, որ նրանց այցը Հայաստան և տրանսպորտի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների 6-րդ խորհրդակցությունը նոր խթան կհանդիսանան այս ոլորտում համագործակցության զարգացմանը:
«Համաձայնեցված քաղաքականության իրականացումը պետք է նպաստի երթուղիների զարգացմանն ինչպես միության ներսում, այնպես էլ ԵԱՏՄ-ն կապի երրորդ երկրների հետ: Այս ոլորտում համատեղ ջանքերը կնպաստեն մեր տնտեսությունների մրցակցության բարձրացմանը»,- ասել է վարչապետը:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Ադամկուլ Ժունուսովը նշել է, որ քննարկվել են ԵԱՏՄ երկրների միջև տրանսպորտային քաղաքականությանը, ենթակառուցվածքների զարգացմանը, միասնական տրանսպորտային տարածքի և միասնական տրանսպորտային ծառայությունների ձևավորմանը վերաբերող մի շարք հարցեր:
Իր հերթին, ՌԴ տրնսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովն ընդգծել է, որ առաջիկայում քայլեր են ձեռնարկվելու ԵԱՏՄ երկրների բոլոր մայրաքաղաքների միջև օդային ուղիղ կապի ապահովման ուղղությամբ, ինչը կխթանի նաև զբոսաշրջության զարգացմանը: