Հայաստանի հաշվապահների ու աուդիտորների պալատ կստեղծվի
Ներկայումս ֆինանսների նախարարությունը մշակում է հայեցակարգ, ըստ որի մասնավոր հատվածի հաշվապահական հաշվառման և արտաքին աուդիտի ոլորտների իրավական կարգավորման տեսանկյունից մշակվում են ոլորտը կարգավորող նոր իրավական ակտեր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը՝ ներկայացնելով «Հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտներում իրականացվող բարեփոխումները» զեկույցը:
Նրա խոսքով՝ հայեցակարգից բխող օրենքները ուղղված են աուդիտորական գործունեության ոլորտի կարգավորման նոր մոդելի ներդրմանը, որոնք են՝ «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքը, «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքը, «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» ՀՀ նոր օրենքը:
«Հաշվապահական հաշվառման և արտաքին աուդիտի կարգավորումը մշտապես եղել է ՀՀ ֆինանսների նախարարության գործառույթը, սակայն, հաշվի առնելով համաշխարհային փորձը, Հայաստանում նույնպես նախատեսվում է ստեղծել մասնագիտացված կառույց՝ «Հայաստանի հաշվապահների ու աուդիտորների պալատ», որը կիրականացնի մասնագետների որակավորում և շարունակական զարգացում, ՖՀՄՍ-ների (ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտ) և աուդիտի միջազգային ստանդարտների ժամանակին թարգմանություն, աուդիտի որակի ապահովման համար անհրաժեշտ գործողություններ: Կառույցը կլինի ինքնակարգավորվող, կգործի հասարակական հիմքով, իսկ կազմում ընդգրկված կլինեն ինչպես պետական մարմինների, այնպես էլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ»,- նշել է փոխնախարարը:
Նրա խոսքող՝ կառույցի առանձնահատկությունն այն է, որ այն ծանրություն չի լինի պետական բյուջեի համար, կֆինանսավորվի անդամավճարների և այլ կամավոր հատկացումների հաշվին։
«Նախատեսվում է հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման գործառույթն ամբողջությամբ վերապահել պալատին, իսկ վերահսկողական գործառույթները նախատեսվում է կազմակերպել ֆինանսների նախարարությանը կից ստեղծված հանրային վերահսկողության խորհրդի միջոցով, որը պատասխանատու կլինի հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման նկատմամբ հանրային վերահսկողություն իրականացնելու համար: Նախատեսվող բարեփոխումներով լիցենզավորման իրավական պահանջը կվերանա և գործընթացը կկարգավորվի Աուդիտորական կազմակերպությունների ռեեստրի վարման միջոցով»,- ամփոփել է Դավիթ Անանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց