Բաշխիչ ցանցերի վերազինման նպատակով ՀԷՑ-ը 40 մլն. դոլար կներդնի
Հայաստան-Իրան երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի,- այսօր էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում տեղի ունեցած ներդրումային հանձնախմբի հերթական նիստի ժամանակ այս մասին տեղեկացրել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արթուր Բաղդասարյանը։
Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե շուրջ 76 մլն. եվրո գումարով ներդրումային ծրագրի շրջանակներում ձեռք են բերվել 672 հողակտոր և հենարանների կառուցման շինարարության թույլտվություններ՝ 60 համայնքներում: Ներկրվել և պահեստավորվել են 1965 տոննա ընդհանուր քաշով հենարանների մետաղական կոնստրուկցիաներ, կառուցվել են շուրջ 100 կմ մոտեցման ճանապարհներ, ավարտվել են բոլոր 706 հենարանների նշահարման աշխատանքները։ Ծրագրի շրջանակներում շուրջ 33 մլն. եվրո արժողությամբ «Նորավան» ենթակայանի համար ձեռք է բերվել անհրաժեշտ 12 հա տարածքը: Կառուցվել է 620 գծամետր պարիսպ, փորվել է ղեկավարման շենքի հիմքը։
Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է, որ գնահատման փուլում են Հայաստան-Վրաստան օդային գծի և բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանի կառուցման կապալառու կազմակերպությունների ընտրության համար հայտարարված մրցույթին ներկայացված հայտերը: 188 մլն. եվրո արժողությամբ ծրագիրը նախատեսվում է ավարտել 2019թ.։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Կոնտուր Գլոբալ» ընկերության կողմից նախատեսվում է շուրջ 80 մլն. դոլարի ներդրում՝ Որոտանի ՀԷԿ-երի համալիրի վերազինման և վերանորոգման համար:
Բաշխիչ ցանցերի վերազինման նպատակով, նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Ղահրամանյանի հաղորդմամբ, ավելի քան 40 մլն. դոլար կներդնի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը:
Նրա խոսքով՝ համակարգի ձեռնարկություններն առաջիկա տարիներին կիրականացնեն 1,5 մլրդ. դոլարի ներդրումային ծրագրեր: