Անչափահասին պահում են քննչականում, իսկ փաստաբանին թույլ չեն տալիս տեսակցել նրան
Երևանի բնակիչ, 17-ամյա Նարեկ Ս.-ին իրավապահները թմրամիջոց պահելու կասկածանքով երեկ գիշերվանից տեղափոխել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, իսկ փաստաբանին թույլ չեն տալիս տեսակցել նրան։ Այդ մասին Panorama.am-ին ահազանգեց Փաստաբանների պալատի փաստաբան Լիանա Բալյանը։
«Գիշերը ժամը 11-ից բերման են ենթարկել ոստիկանություն ու մինչև հիմա սոված-ծարավ պահում են այնտեղ։ Ժամը 3-ին երեխայի ծնողները ներգրավել են ինձ որպես պաշտպան, եկել եմ ոստիկանություն, պահանջել բերման ենթարկելու որոշման հիմքերը։ Հայրը ինձ ներկայացրել է, որ տեղում բացատրություն են վերցրել, բայց ինքը՝ որպես անչափահասի օրինական ներկայացուցիչ, բացատրությունը չի ստորագրել։ Խախտվել է երեխայի իրավունքը, ոչ էլ նրան ներկայացրել են փաստաբան ունենալու իրավունքը», -մեզ հետ զրույցում ներկայացրեց փաստաբանը։
Նա տեղեկացրեց, որ այդ գործով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Էդիկ Կարապետյանից պահանջել է բերման ենթարկելու որոշման հիմքերը և բացատրությունը, սակայն քննիչը հրաժարվել է դրանք տրամադրել փաստաբանին։
«Քննիչի մոտ քրեական օպերատիվ աշխատողներն են եղել։ Ես հարցրի, թե ինչ իրավունքով են նրանք ներկա այստեղ, ինձ քննիչը պատասխանում է, թե անվտանգությունն են ապահովում։ Բայց չէ՞ որ քննությունը գաղտնի է, ինչո՞ւ են օպերատիվ աշխատողներին թույլ տվել մտնել քննիչի սենյակ», -ներկայացրեց փաստաբան Բալյանը։
Նա գլխավոր դատախազությունում բացարկ է ներկայացրել քննիչ Կարապետյանին և երբ վերադարձել է քննչական, նրան թույլ չեն տվել մտնել ու տեսակցել իր պաշտպանյալին։ «Հիմա մենք դռների մոտ ենք կանգնած, փորձում եմ բարձրանալ քննիչի մոտ, տեսնել երեխային, թույլ չեն տալիս», -ասաց Բալյանը։
Փաստաբանն ասաց, որ դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ և Փաստաբանների պալատի արագ արձագանքման խմբին՝ փորձելու վերականգնել պաշտպանյալին տեսակցելու հարցում իր խախտված իրավունքները։
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց