Ի՞նչն է խանգարում կարտոֆիլագործության զարգացմանը
Կարտոֆիլագործությունը Հայաստանի գյուղատնտեսության առավել կայացած ուղղություններից մեկն է: Շուկան ձևավորված է, բացակայում են մենաշնորհները: ՀՀ-ում գործող կարտոֆիլագործների միությունների, հասարակական կազմակերպությունների, խոշոր արտադրողների և ներմուծողների մասնակցությամբ խորհրդակցությանն ասել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Նա նշել է, որ հանդիպումը նպատակ ունի համատեղ քննարկել այսօր ճյուղի հետագա զարգացմանը խոչընդոտող խնդիրները, արտահանման ծավալների վերականգնման հնարավորությունները, հասկանալու համար, թե պետությունն ինչով կարող է աջակցել և օկտակար լինել, որպեսզի պարենային ապահովության տեսանկյունից կարևոր այս ոլորտն ինչպես հարկն է զարգանա, մասնավորապես բարձրանա բերքատվությունը, իջնի ինքնարժեքը և մենք ունենանք մրցունակ արտադրանք:
Գն հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, որպես խոչընդոտող խնդիրներ` բարձրացվել են մասնավորապես շրջանառու միջոցների սղության, իրացման, մեխանիզացիայի մաշվածության ու բացակայության, սորտաթարմացման, տնկանյութի սուբիսդավորման, որպես «Վերին Լարսին» այլընտրանք` պետության կողմից «Փոթի» նավահանգստում լաստանավի վարձակալման և այլ հարցեր:
Նախարարը հայտնել է, որ շուտով կմեկնարկի գյուղտեխնիկայի ձեռքբերման լիզինգային ծրագիրը, որը հնարավորություն կընձեռի անհամեմատ մատչելի պայմաններով տեխնիկա գնել:
Հանդիպման ընթացքում կարտոֆիլագործներն անդրադարձել են նաև համակցված պարարտանյութերի կիրառմանը և նշել, որ դա առավել արդյունավետ է, քան ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի առանձին օգտագործումը, սակայն դրա ձեռքբերումը փոքր քանակներով բավականին թանկ է և ոչ նպատակահարմար:
Նախարարն առաջարկել է համատեղ քննարկել, ձևավորել հստակ պահանջարկ, ներկայացնել Գյուղատնտեսության նախարարություն, որպեսզի բանակցեն արտադրողի հետ և աջակցեն կարտոֆիլագործներին հնարավորինս մատչելի պայմաններով և մեծ խմբաքանակով ձեռք բերել պարարտանյութը:
Իգնատի Առաքելյանը նշել է, որ նախարարության մասնագետները կուսումնասիրեն կարտոֆիլ ներկրող երկրների շուկաները, առկա գնային քաղաքականությունն ու սորտերը, կկազմեն կարտոֆիլի արտահանման զարգացմանը միտված ծրագիր և կներկայացնեն ներկաներին:
Խորհրդակցության մասնակիցները պայմանավորվել են առաջիկայում դարձյալ հանդիպել` բարձրացված խնդիրների շուրջ հետագա անելիքները քննարկելու նպատակով:
Հարակից հրապարակումներ`
- Բերբերյան. Հայ կարտոֆիլագոծները կորցրեցին վրացական շուկան
- Բերբերյանը պնդում է՝ կարտոֆիլի շուկայում աժիոտաժ է ստեղծվել ինչ-որ մեկի գրպանի համար
- Կարտոֆիլագործներն անելանելի վիճակում են
- ԳՆ պարզաբանումը՝ կարտոֆիլի մասսայական վաճառքի ժամանակավոր դադարեցման վերաբերյալ
- Բերբերյան. Կարտոֆիլի շուկան հայ արտադրողին է
- Բերբերյանը՝ շուկայում հայտնված պարսկական, թուրքական կարտոֆիլի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում