9 երեխայի հետ խոնավ ու անբարեկարգ տանն ապրող մոր երազանքները
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի բնակիչ 35-ամյա Հասմիկ Սահակյանը օրեր առաջ լույս աշխարհ է բերել իններորդ երեխային: Փոքրիկ Անին ընտանիքում հինգերորդ աղջիկն է. մեծ քույրը 18 տարեկան է. իսկ չորս եղբայրներից մեծը` 16 տարեկան:
«Իմ երեխաներն իմ հարստությունն են»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է բազմազավակ մայրը՝ Հասմիկ Սահակյանն ու ավելացնում, որ ընտանիքն ապրում է հաշտ, համերաշխ՝ փորձելով միասին հաղթահարել դժվարությունները: Իսկ դժվարությունները շատ են…
Հասմիկ Սահակյանի խոսքերով՝ բազմազավակ ընտանիքն ապրում է անասնապահությամբ, հողագործությամբ. ամռանը ամուսինները երեխաների հետ սար են գնում, գյուղացիների անասունները պահում: Բացի դրանից, փոքր հողակտոր են մշակում, որ ձմռանն առանց կարտոֆիլի չմնան: Ընտանիքն ապրում է ընդամենը 82 հազար դրամ նպաստով, որ բավարարում է միայն կոմունալ ծախսերի ու ալյուրի համար:
Բազմազավակ մոր` Հասմիկի երազանքը մեկն է՝ ունենալ բարեկարգ տուն, որպեսզի նորմալ պայմաններում կարողանան մեծացնել երեխաներին:
9 երեխա ունեցող ընտանիքն ապրում է խոնավ, տարրական պայմաններից զուրկ տանը:
«Հին տուն է, անմխիթար վիճակում է գտնվում, խոնավ է, կտուրից կաթում է: Ոչ մի բան չկա, ջուր չունենք, ամեն օր գյուղամեջից ենք ջուրը կրում, լվացքի մեքենա ու հեռուստացույց ունենալն էլ մեծ ճոխություն ենք համարում: Տարրական պայմաններ չկան, երազում եմ մի խոհանոց ունենամ, որ էնտեղ ընտանիքով նստենք նորմալ հաց ուտենք»,- ասում է 35-ամյա բազմազավակ մայրը՝ հավելելով, որ իրենք պետության կողմից անտեսված ենք, մինչդեռ նման ընտանիքներին պետությունը պետք է առավել մեծ ուշադրություն դարձնի:
Նրա խոսքերով՝ եթե կարողանան տունը վերանորոգել, քիչ թե շատ կարգի բերել, երեխաներն էլ իրենց լավ կզգան: Հասմիկ Սահակյանը նշում է, որ բազմիցս դիմել է պատկան մարմիններին, սակայն նամակներն անպատասխան են մնացել: «Էրեխեքը մեծանում են, իսկ հոգսերն ավելի են շատանում: Տանն ընդամենը չորս մահճակալ կա, իսկ այլ գույքի մասին խոսելն ավելորդ է: Իմ խնդրանքը մեկն է, որ գոնե կառավարությունն օգնի տունը վերանորոգենք: Մենք աշխատող մարդիկ ենք, հող ենք մշակում, անասուն ենք պահում, կապրենք, միայն թե այդ մինիմալ պայմանները լինեն: Երեխաներս գոնե նորմալ մանկություն ունենան»,- ասում է Հասմիկ Սահակյանը՝ հավելելով, որ հագուստ, գրենական պիտույքներ չունենալու պատճառով երեխաները նորմալ կրթություն չեն ստանում:
Ամուսինների միակ ուրախությունը երեխաներն են: Չնայած բազմանդամ ընտանիքի կենցաղային վատ պայմաններին, դժվարություններին, Հասմիկն իրեն աշխարհի հարուստ մարդն է համարում. «Իհարկե շատ դժվար է պահել, մեծացնել, մշտական աշխատանք չկա, տանը պայմաններ չկան, բայց ես երեխաներ շատ եմ սիրում, դրա համար էլ այսքան երեխաներ եմ ունեցել: Նրանք իմ հարստությունն են, իմ հպարտությունն են: Մենք շատ բան չենք ուզում՝ մի քիչ ուշադրություն, աջակցություն, իսկ մնացածը մենք ինքներս կանենք: Աշխատող մարդիկ ենք, կաշխատենք, մեր երեխաներին կպահենք»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ