Այսօր տարածաշրջանում կոմունիկացիաների հարցի լուծումը ձեռնտու է բոլորին. տնտեսագետ
«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը «Ռուս-վրացական նոր պայմանավորվածություններ. ՀՀ-ն կունենա՞ այլընտրանքային ճանապարհ դեպի ՌԴ» թեմայով քննարկման ժամանակ նշեց, որ կարևոր են, որպեսզի պայմանավորվածություններում ներգրավվեն նաև հետաքրքրվող երկրները:
Նրա խոսքերով՝ այսօր տարածաշրջանում կոմունիկացիաների հարցի լուծումը ձեռնտու է բոլորին:
Թաթուլ Մանասերյանի խոսքերով՝ Ռուսաստանի ու Վրաստանի հակամարտության արդյունքում տուժել է նաև Հայաստանի տնտեսությունը։
«Արդեն նախանշվում են Վրաստանի և Իրանի միջև համագործակցության հետաքրքրությունները, և Հայաստանն այս հարցում անփոխարինելի է: Ուստի ակտիվ տնտեսական քաղաքականություն է պետք վարել: Կարծում եմ, որ բոլոր երկրները պետք է ինտեգրվեն տարածաշրջանում, գտնեն համագործակցության ուղիներ: Վրաստանը, Հայաստանը, Ռուսաստանը և Իրանը պետք է փոխշահավետ համագործակցության ուղիներ որոնեն: Կարծում եմ՝ կարելի է գալ ռեալ պայմանավորվածության»,- ասաց տնտեսագետը:
Նշենք, որ Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի փորձագետների մասնակցությամբ քննարկվեցին Հարավային Օսեթիայի և Աբխազիայի տարածքներով կոմունիկացիոն ուղիների վերաբացման, փոխադարձ առևտրի զարգացման շուրջ պաշտոնական Մոսկվայի և Թբիլիսիի՝ վերջերս ձեռք բերած համաձայնությունը:
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը հիշեցրեց, որ տարիներ առաջ էլ աբխազական երկաթգծի բացման հնարավորությունն էր հայկական կողմը քննարկում, մինչդեռ հետագայում պարզվեց, որ ոչ մի հնարավորություն էլ չկա: Ըստ նրա՝ ներկայիս Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարն արդեն խոսում է Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհի մասին:
«Մենք միայն ողջունում ենք վրաց-ռուսական այդ պայմանավորվածությունը, քանի որ Հարավային Կովկասում երեք հիմնական ճանապարհը՝ հայ-ադրբեջանական, հայ-թուրքական և ռուս-վրացական, փակ է, ուստի հասկանալի է, որ դրանից մեկի բացումը կարող է մթնոլորտ փոխել»,- ընդգծեց Ստեփան Գրիգորյանը: