Գիտնականներն ուզում են կրկնել Նանսենի նավարկությունը Հյուսիսային բևեռի շուրջ
Գերմանիան հայտարարել է պատմության մեջ ամենախոշոր արկտիկական ճանապարհորդությունը կազմակերպելու ծրագրերի մասին: Բի-Բի-Սի-ի փոխանցմամբ, 2019-ին 120 մետրանոց «Պոլարշտերն» նավը պետք է ուղևորվի Հյուսիսային բևեռ:
Յուրահատկությունն այն է, որ նավն ինքնուրույն պետք է լողա սառույցների հետ, անձնակազմը չպետք է ուղղորդի: Ճանապարհորդությունը տևելու է մեկ տարի: Նավարկության ամենաբարդ հատվածը համընկելու է բևեռային գիշերվա հետ:
Հիմնական նպատակն է ուսումնասիրել կլիմայական փոփոխությունները: Երկրագնդի վրա հենց Արկտիկայի կլիման է ամենաարագը փոխվում: Անցյալ ամիս արկտիկական ծովային սառույցի երկարությունն ամենափոքրն էր բազմամյա ուսումնասիրությունների արդյունքների հետ համեմատած, իսկ հունվարի ջերմաստիճանը մի քանի աստիճանով գերազանցել է բազմամյա մակարդակը:
Գերմանական նախագծի ղեկավարն ասել է, որ հավանականություն կա, որ մի քանի տասնամյակ անց Արկտիկայում ընդհանրապես սառույց չի լինի: Գիտնականներն ուզում են այդ մասին նախօրոք իմանալ:
Արշավի արժեքը 63 միլիոն եվրո է: Բացի Գերմանիայից, նախագծին կմասնակցեն Ռուսաստանը, Բրիտանիան և Չինաստանը: Այս առաքելությունը 1890-ականներին Ֆրիտյոֆ Նանսենի արշավախմբի գործի յուրատեսակ շարունակությունն է: Նա փորձել էր լինել առաջին մարդը, ով սառույցների մեջ արգելափակված ու սառույցների հետ լողացող նավով հասել է Հյուսիսային բևեռ: Նանսենի նավարկությունը սկսվել էր 1893 թվականի հունիսին: 1894 թվականի ամռան վերջին Նանսենը համոզվել էր, որ նավը չի հասնի բևեռին, և որոշել է 1895-ին Յամմար Յոհանսենի հետ մեկնել սահնակով արշավի, որն ավարտվել է Ֆրանց-Իոսիֆի երկրում դաժան ձմեռումով, նրանք վերադարձել են 1896 թվականին: