Մենք ծրագրեր գրելու տիեզերական վարպետներ ենք դարձել. Վարդան Բոստանջյան
«Հայկական վերածնունդ» կուսակցությունը գնում է ընտրությունների ծրագրային, ռազմավարական մոտեցումներով և ներկայացնելու է կետեր, որոնք ուղղված են լինելու երկրի ազգային անվտանգությանը, սոցիալական աջակցությանը, ինչպես նաև երկրի տնտեսական զարգացմանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ, ՀՎԿ ցուցակի երկրորդ հորիզոնական զբաղեցնող Մհեր Շահգելդյանը:
«Մեր առավելությունները լիդերի առկայությունն է: Մենք գտնում ենք, որ Արթուր Բաղդասարյանն այն քաղաքական գործիչն է, որն ունի փորձ, ինտելեկտուալ մեծ ունակություններ, հռետորական հմտություններ և մեծ գործ ունի արած այս երկրի համար: Երկրորդը՝ կազմակերպչական աշխատանքն է, մենք երբեք չենք աշխատել ընտրությունից ընտրություն, երրորդը նորարական մոտեցումներն են, որոնք ներկայացվելու են հասարակության դատին»,- նշեց Մհեր Շահգելդյանը:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ «Ծառուկյան» դաշինքի ցուցակի 4-րդ հորիզոնականը զբաղեցնող Վարդան Բոստանջյանն էլ նշեց, որ իրենց քաղաքական ուժի առաջնորդին իր գործերով հանրապետությունում ճանաչում են, լայն ճակատով գործունեություն է ծավալել, մեծ բարեգործություններ արել, իսկ քաղաքական առումով էլ ընդլայնված խումբ են, որը կարող է առավելություններ ենթադրել:
«Հասարակությունն իր ընտրությունն անելիս պետք է ճիշտ գնահատի քաղաքական ուժերի ներկայացրած ծրագրերը, ինչպես նաև լիդերի գործոնը հաշվի առնի»,- ընդգծեց Վարդան Բոստանջյանը:
Ինչ վերաբերում է ծրագրին, «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչն ասաց. «Մենք ծրագրեր գրելու տիեզերական վարպետներ ենք դարձել, որոնք չենք իրականացնում: Եթե նախկին տարիների ծրագրերը բացեք նայեք, նկարագրվում է «արևի քաղաքը», այսինքն՝ ապագայում հրաշքների մեջ ենք թևածելու, բայց իրականում տեսնում ենք, որ 25 տարի դա տեղի չի ունենում: Դրա համար մեր ծրագրում առանձնացրել ենք 15 կետ, որոնք մեր հասարակությանը հուզող կետեր են են` կենսաթոշակի, միջին աշխատավարձի, գազի և էլէներգիայի սպառում և այլն»: