Եթե կան ինչ-ինչ խնդիրներ, պետք է ձեռնարկվեն համապատասխան միջոցներ. Տ.Մուկուչյան
«Ցանկացած նման տեղեկություն, երբ լինում է, հանձնաժողովը փորձում է հասկանալ, թե ինչ մասին է խոսքը: Եթե կան ինչ-ինչ խնդիրներ, պետք է ձեռնարկվեն համապատասխան միջոցներ»,- ԿԸՀ արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ պատասխանելով հարցին, թե մամուլում տեղեկություններ կային, որ Արարատի մարզում դպրոցների տնօրեններին հրավիրում են, ստիպում քարոզչությամբ զբաղվել:
Նա նշեց, որ նման տեղություններն առաջին հայացքից շատ ընդհանրական բնույթ են կրում, շատ բարդ է պարզել փաստական հանգամանքները, բայց հանձնաժողովը ձեռնամուխ է լինում պարզելու դրանք:
Հարցին, թե փետրվարի 12-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ, երբ փորձարկվեցին խորհրդարանական ընտրությունների համար նախատեսված տեխնիկական սարքավորումները, որոշակի խնդիրներ էին առաջացել, ի՞նչ են արվում դրանք լուծելու ուղղությամբ, ԿԸՀ նախագահն ասաց. «Բոլոր խնդիրները գույքագրվել են, գործընթացի ավարտից հետո փոխանցվել այն կազմակերպության ներկայացուցիչներին, ովքեր իրականացնում են տվյալ տեխնիկական սարքավորումների ծրագրային ապահովման մշակումը: Բոլոր հարցադրումները բարձրացված են, այժմ աշխատանքներ են տարվում, մինչև համապետական ընտրությունները նկատված խնդիրները, թերությունները կվերացվեն»:
Պատասխանելով հարցին, թե ընտրատեղամասերում տեղադրվող տեսախցիկների տեսագրությունը ո՞ր դեպքում ԿԸՀ-ն փաստ կհամարի, օրինակ, վերահաշվարկի համար՝ հաշվի առնելով այն, որ Ընտրական օրենսգրքով պահանջված պայման չէ, Տ. Մուկուչյանն ասաց. «Ինչպես ընտրական գործընթացի ժամանակ ցանկացած ապացույց, եթե խոսքը կվերաբերի տեղամասային կենտրոնում տեղի ունեցած ինչ-ինչ իրավախախտումների, բնական է, տեսախցիկով նկարահանված նյութերը կորակվեն որպես ապացույց և համապատասխան գնահատականի կարժանանան»:
Հարակից հրապարակումներ`
- Զանգ Դաշնակցության թեկնածուին ընտրելու համար (ձայնագրություն)
- Տեխնիկական սարքավորումների ներկայացման փորձը հաջողվեց. Մուկուչյան