Զոհրաբ Մնացականյան. Սա պայքար է` հանուն ինքնապաշտպանության և ֆիզիկական գոյատևման
«Հայկական կողմը մշտապես տեղեկացրել է Անվտանգության խորհրդին տեղի ունեցած բարբարոսությունների և ոճրագործությունների մասին՝ ընդգծելով, որ միջազգային հանրությունը պետք է հաստատակամորեն մերժի ուժի կիրառումը` որպես հակամարտության ռազմական լուծում»:
Անդրադառնալով 2016թ. ապրիլին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծած Ադրբեջանի ագրեսիային, հայտարարել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը՝ Ուկրաինայի ԱԳ նախարար Պ.Կլիմկինի նախագահությամբ ՄԱԿ Անվտանգության Խորհուրդում «Միջազգային խաղաղություն և անվտանգության պահպանում. Հակամարտությունները Եվրոպայում» խորագրով բաց քննարկման ժամանակ:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղարոդմամբ, նա ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը` որպես մարդու իրավունքների, ազատության և ինքնորոշման համար պայքար, որն առաջացել է ի պատասխան կանոնավոր բնույթ կրող խտրականությունների և բռնությունների:
«Սա պայքար է, որն ականատես եղավ հայերի հանդեպ ջարդերին Բաքվում, Սումգաիթում, Կիրովաբադում և Ադրբեջանի այլ վայրերում՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իր ապագան ազատ որոշելու օրինական պահանջին: Սա պայքար է` հանուն ինքնապաշտպանության և ֆիզիկական գոյատևման` Ադրբեջանի կողմից արձակած ագրեսիայի և էթնիկ զտումների պայմաններում: Սա պայքար է բարբարոս վարչակարգի դեմ, որը խելացնոր կերպով փառաբանում է 2004թ. հայ սպային կացնահարած մարդասպան Սաֆարովին: Սա պայքար է համատարած հայատյացություն և հայերի հանդեպ անհանդուրժողականություն քարոզող վարչակարգի կողմից իրավասության հավակնությունների դեմ: Սա կենաց-մահու և ազատության պայքար է», - նշել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը։
Հայաստանի դեսպանը նշել է՝ անհրաժեշտ է իրական քայլեր ձեռնարկել 2016թ. Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված համաձայնություններն իրագործելու ուղղությամբ` խաղաղ բանակցությունների առաջընթացն ապահովելու նպատակով:
Խոսքի ավարտին Զոհրաբ Մնացականյանը Հայաստանի երախտագիտությունն է արտահայտել միջազգային հանրությանը, մասնավորապես Անվտանգության խորհրդին և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին` ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների միջնորդական ջանքերին ցուցաբերվող հետևողական և անվերապահ աջակցության համար:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին