Մոսկովյան նորաձևության միջազգային ցուցահանդեսում հայկական արտադրանքը մեծ հետաքրքրություն է առաջացրել
Փետրվարի 20-23-ը Մոսկվայում անցկացվող «Expocentre» ցուցահանդեսների կենտրոնում Արևելյան Եվրոպայի խոշորագույն CPM (Collection Premiere Moscow) նորաձևության միջազգային ցուցահանդեսին հայկական նորաձևությունը ներկայացնում է «5900BC» ապրանքանիշը:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, «5900 BC» ապրանքանիշի ներքո միավորվել են Հայաստանում գործող հագուստ արտադրող 8 ձեռնարկություն, որոնք իտալացի և հայ փորձագետների աջակցությամբ մշակում և ստեղծում են նորաձև հագուստի համատեղ հավաքածուներ՝ ժամանակակից գնորդների պահանջներին և ճաշակին համապատասխան:
Ապրանքանիշի անվանումը խորհրդանշական է, քանի որ աշխարհում գտածո ամենահին հագուստներից մեկը` 5900 տարի առաջ ստեղծված կանացի շրջազգեստը, հայտնաբերվել է ՀՀ Արենի համայնքում: «5900BC» ազգային ապրանքանիշը CPM-Collection Premiere Moscow նորաձևության միջազգային ցուցահանդեսին մասնակցում է չորրորդ անգամ՝ ներկայացնելով իր հինգերորդ՝ աշուն-ձմեռ 2017-2018 հավաքածուն: Այս տարի ցուցահանդեսի մասնակից երկրները 29-ն են: Մոտ 21 000 այցելուների զգալի մեծամասնությունը կազմում են նորաձև հագուստի արտադրության և վաճառքի ոլորտները ներկայացնող մասնագետներ:
ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության ծրագրի աշխատանքային խմբի կողմից կազմակերպված հանդիպումներին զուգահեռ՝ ռուսական խոշոր առևտրային ցանցերի ներկայացուցիչների և հայկական ապրանքանիշի առանձին գործարարների հետ հանդիպումներ է նախաձեռնել նաև Ռուսաստանում ՀՀ առևտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը, որոնց արդյունքում սպասվում է պայմանագրերի կնքում և հետագա համագործակցություն։
«5900BC» ապրանքանիշը ստեղծվել է ՄԱԱԶԿ «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագրի շրջանակներում:
«CPM միջազգային ցուցահանդեսին անընդմեջ մասնակցությունն արդեն իսկ տվել է իր ցանկալի արդյունքները: Այժմ հայկական բարձրորակ հագուստի արտադրությամբ հետաքրքրված են Ռուսաստանի ամենահայտնի ապրանքանիշներն ու նորաձևության տները: Շատերն այցելել են Հայաստան՝ տեղում ծանոթանալու ընկերությունների արտադրական հնարավորություններին և քննարկելու համագործակցության ուղիներ: Նրանց հետ սերտ գործնական կապեր են հաստատվել:
Առաջին պայմանագիրը կնքվել է տարեկան մոտ 30 հավաքածու թողարկող ռուսական ամենախոշոր ցանցերից մեկի «Dimanche» ընկերության և արտահանման առաջին փորձը կատարող հայաստանյան հագուստ արտադրող մի ձեռնարկության հետ՝ ստեղծելով երկարատև կայուն համագործակցության հեռանկարներ: Պատվերներ են տեղադրվել նաև Ռուսաստանի ամենահայտնի նորաձևության տներից մեկի՝ «Վալենտին Յուդաշկին նորաձևության տան» կողմից, որը ներկայացրեց նոր հավաքածուն 2016թ. հոկտեմբերին Փարիզի նորաձևության շաբաթվա ընթացքում»,-հայտնում են նախարարությունից:
Ծրագրի փորձագիտական խումբը իր բազմակողմանի աջակցությունն է ցուցաբերում ընկերություններին նմուշների պատրաստման, իրավաբանական, մարկետինգային, ֆինանսական և այլ հարցերի շուրջ: Բանակցությունները մյուս ցանցերի հետ ընթացքի մեջ են, ակնկալվում է, որ դրանք կհանգեցնեն երկարաժամկետ արդյունավետ համագործակցության
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ