Կառավարությունները պետք է անեն հնարավորը՝ժողովուրդների բարեկեցությունը ապահովելու համար. Իլյա Երկրորդ
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հյուրընկալվել է Նորին Սրբություն Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդին: Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ համայն Վրաստանի Կաթողիկոսը ողջունել է ՀՀ վարչապետի այցը Վրաստան և վստահություն հայտնել, որ այն կնպաստի երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերի հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:
«Վրաց և հայ ժողովուրդներն ունեն եղբայրական և բարեկամական դարավոր հարաբերություններ, իսկ մեր երկու եկեղեցիների համագործակցությունը կառուցվում է ջերմ և բարիդրացիական կապերի հիման վրա: Երկու երկրների կառավարությունները պետք է անեն հնարավորը՝ համագործակցությունը զարգացնելու և ժողովուրդների բարեկեցությունը ապահովելու համար: Ուրախ ենք, որ այսօր հայկական մշակույթը ծաղկում է, միաժամանակ, չպետք է բավարարվենք անցյալով, այն ամենով ինչ արել ենք նախկինում, այլ պետք է մտածենք ինչ անել՝ ապահովելու մեր ժողովուրդների բարօրությունը»,- նշել է Համայն Վրաստանի Կաթողիկոսը:
Վարչապետ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Իլյա Երկրորդին ընդունելության համար և նրան փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հարգանքներն ու ջերմ ողջույնները: Վարչապետը գոհունակություն է հայտնել այցի շրջանակում վրաց գործընկերների հետ ունեցած բանակցությունների արդյունքներից և նշել, որ քննարկվել են ինչպես տնտեսական, այնպես էլ մշակութային հարաբերությունների խորցամանն ու ամրապնդմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
«Երկու եղբայրական պետությունների միջև համագործակցության հետագա զարգացման մեծ ներուժ ունենք, որի իրացման համար պատրաստ ենք անհրաժեշտ քայլեր իրականացնել»,- նշել է վարչապետը:
Հանդիպմանը երկուստեք կարևորվել է Հայ Առաքելական և Վրաց Ուղղափառ եկեղեցիների դերը հայ և վրացի ժողովուրդների ու երկու պետությունների կյանքում:
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին
- Մենք ուզում ենք, որ Վրաստանի քաղաքացիները Հայաստանը դիտեն որպես պոտենցիալ ներդրումների երկիր. Կարեն Կարապետյան
- Վրաստանի վարչապետ. Մենք պատրաստակամ ենք ակտիվացնել առևտրաշրջանառությունը Հայաստանի հետ