Օբամային ցանկանում են առաջադրել Ֆրանսիայի նախագահի թեկնածու. ԶԼՄ-ներ
ԱՄՆ-ի նախկին ղեկավար Բարաք Օբամայի ֆրանսիացի երկրպագուները ցանկանում են հասնել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում նրա թեկնածության առաջադրման,- գրում է «Ռիա նովոստի»-ն՝ հղում անելով ABC News-ին։
Ակտիվիստները Փարիզով մեկ կախել են պլակատներ՝ «Obama17» մակագրությամբ և համանուն վեբ-կայք այցելելու կոչով։ Այնտեղ կարելի է ստորագրել հանրագիր, որը կոչված է «Օբամային համոզել» մասնակցելու ընտրություններին:
Ակտիվիստների նպատակը մեկ միլիոն ստորագրություն հավաքելն է:
«Այն ժամանակ, երբ Ֆրանսիան պատրաստվում է զանգվածաբար քվեարկել աջ ծայրահեղական թեկնածուի օգտին, մենք դեռ կարող ենք այս առումով ժողովրդավարության դաս տալ՝ նախագահ ընտրելով օտարերկրացու»,- ասված է կայքի հաղորդագրության մեջ: ABC News-ն ուշադրություն է հրավիրում առնվազն մեկ էական խոչընդոտի վրա, որը կարող է ակտիվիստներին խանգարել իրենց նախաձեռնության հարցում:
«Այս ամենը շատ հրաշալի է հնչում, բայց մի խնդիր կա: Ֆրանսիայի նախագահը պետք է, որ ֆրանսիացի լինի: Իսկ Օբաման ֆրանսիացի չէ»,- գրել է հրատարակությունը։