ԱԺ-ում քննարկվող օրենքի նախագծով առաջարկվում է վարորդների տուգանքների բեռի թեթևացում
Ազգային ժողովում քննարկվում է կառավարության ներկայացրած վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ասաց, որ նախագիծը մշակվել է ոստիկանության կողմից նախապատրաստված, կառավարության կողմից հավանության արժանացած ճանապարահային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցի համաձայն: Նա հիշեցրեց, որ Ճանապարհային ոստիկանության համակարգում բարեփոխումներ իրականացնելու հանձնարարականը տրվել է 2016 թ. նոյեմբերի 2-ին Հանրապետության նախագահի կողմից: Վ. Եղիազարյանը նշեց, որ այդ բարեփոխումների նպատակը ի թիվս այլ ուղղությունների պետք է լինի նաև ճանապահային երթևեկության ոլորտում թույլ տրվող իրավախախատումների համար նշանակվող տուգանքների արդյունքում քաղաքացիների վարչական բեռի թեթևացումը:
«Այս նախագծով առաջարկվում է վերացնել ճանապարհային երթևեկության ոլորտում թույլ տրվող իրավախախտումների համար նշանակվող տուգանքները սահմանված ժամկետում չվճարելու հիմքով դրանց նկատմամբ 25 և 50 տոկոսի չափով հաշվարկվող ավելացումների ինստիտուտի կիրառությունը: Արդյունքում ակնկալվում է ունենալ տուգանքների հաշվառման, գանձնման առավել պարզ, մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից արդյունավետ համակարգ»,- ասաց փոխոստիկանապետը:
Պատգամավոր Վարդան Մկրտչյանը նշեց, որ օրենքի այս նախագիծը թեևացնելու է վարորդների տուգանքների բեռը:
Նա նաև մի քանի վիճակագրական տվյալներ խնդրեց՝ թե նշված հոդվածով ինչքա՞ն տուգանքներ են եղել:
Վ. Եղիազարյանի ներկայացված տվյալների համաձայն, 2012-ին՝ (խոսքը գնում է չմարված, բռնագանձման ենթակա թվերի մասին) 60 հազար 511, 2013-ին՝ 111 հազար 538, 2014-ին՝ 247 հազար 801, 2015-ին՝ 394 հազար 213, 2016-ին՝ 459 հազար 263 արձանագրություն:
«Տարեկան միջին հաշվարկով մոտ 1 միլիարդ դրամի չափով տույժերի մասով է»,- ասաց նա:
Պատգամավոր Գագիկ Մելիքյանն ասաց, որ այս փոփոխությունը հետադարձ ուժ չունի, ինչպե՞ս կարող է հետադարձ ուժ չունենալ, եթե դա մեղմացնում է, իսկ օրենքը պարտադրում է, որ մեղմացման դեպքում օրենքը պետք է հետադարձ ուժ ունենա:
«Օրենքի նախագիծն իր մեջ մեղմացնող դրույթ չի պարունակում, խոսքը չի գնում իրավախախտումների, խոսքը գնում է տույժերի, տուգանքների մասին: Սա բարելավող նորմ է»,- ասաց Վարդան Եղիազարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը