Բրազիլիան պատմության մեջ առաջին անգամ կսկսի սուրճ ներմուծել
Բրազիլիան, որն աշխարհում սուրճի խոշորագույն արտահանողն է, իր պատմության մեջ առաջին անգամ ստիպված է սուրճ ներմուծել՝ ապահովելու ներքին պահանջարկը: «Ինտերֆաքս»-ը գրում է, որ Կառավարությունը թույլատրել է Վիետնամից 1 մլն պարկ ռոբուստա սուրճ գնել (պարկի քաշը կազմում է 60 կիլոգրամ կամ 132 ֆունտ)։
Մատակարարումները կիրականացվեն մինչև ընթացիկ տարվա մայիս:
Մի քանի ամիս շարունակվող երաշտը երկրի այն շրջաններում, որտեղ սուրճ են աճեցնում, վերջին տասներկու ամսվա ընթացքում, Աշխարհագրության և վիճակագրության բրազիլական ինստիտուտի տվյալների համաձայն, հանգեցրել է 14,9 տոկոսով գների աճի:
Առավել մեծ չափով տուժել է Էսպիրիտու-Սանտուի նահանգը: 2016 թվականին այստեղ թողարկվել է 8 մլն պարկ ռոբուստա սուրճ, ինչը 30 տոկոսով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից:
Աղբյուրի փոխանցմամբ՝ միջին հաշվով Բրազիլիան տարեկան արտադրում էր մոտավորապես 56 մլն պարկ սուրճ: