Եթե ուզում ենք որևէ մեկի սիրտը շահել, մեզ ձեռք չի տալիս բենզինի գինը թանկանա. Վարչապետ
«Եթե միջազգային գներն աճում են, անհնար է, որ մեզ մոտ դա չաճի»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հարցին, թե բենզինի գինը բարձրացել է, ինչը ցույց չի տալիս, որ մենաշնորհների դեմ ոչ թե խոսքերով է պետք պայքարել, այլ համակարգային պայքար, համակարգն է պետք փոխել, մրցակացային միջավայրն ավելի լավը դառնա:
Վարչապետն ասաց, որ ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը ներկայացրել է վիճակագրությունը, թե ինչքանով է աճել բենզինի միջազգային գինը, և ինչքանով է աճել Հայաստանում:
«Մենք որևէ լծակ չունենք շուկայի գնի դեմ պայքարելու, բացի այդ դաշտը մաքսիմալ մրցունակ անելուց: Եթե կասկածում եք, որ նախընտրական է, ապա նույն ձեր տրամաբանությամբ, եթե ուզում ենք նախընտրական որևէ մեկի սիրտ շահել, մեզ ձեռք չի տալիս բենզինի գինը թանկանա»,- նշեց Կ. Կարապետյանը:
Պատասխանելով պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին, թե դրամական արտահայտմամբ ինչքա՞ն գումար կկարողանան ունենալ, եթե առվանզ կրկնակի հարկման մասնաբաժինն ավելացնեն գունավոր մետաղների հանքահումքի արդյունաբերության ոլորտի նկատմամբ, վարչապետն ասաց. «Մեր ներդրողները հանքարդյունաբերության մեջ հարկերի հետ կապված բավականին խնդիրներ ունեն: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ այս պահին լրացուցիչ հարկաբաժին ավելացնելն այդ բիզնեսի վրա տրամաբանական չէ»: