Բնակարանների գները Երևանում և մարզկենտրոններում
Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ամփոփ տեղեկատվության, 2017թ. հունվարին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել են 9 866 գործարքներ:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, գործարքների 33 տոկոսը իրականացվել է Երևանում, իսկ ամենաքիչ գործարքները՝ Վայոց ձորի մարզում (3.6%):
Ինչ վերաբերում է գներին, ապա Երևանի բազմաբնակարան շենքերի բնակարանների առավել բարձր գներ արձանագրվել են Կենտրոն, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում:
Մասնավորապես, 2017 թվականի հունվարին Կենտրոնում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գինը կազմել է 428,25 հազար դրամ (2016թ-ի հունվարին՝ 428 հազար դրամ), Արաբկիրում՝ 357 հազար 450 դրամ (2016թ-ի հունվարին՝ 356, 8 հազար դրամ), իսկ Քանաքեռ-Զեյթունում՝ 281 հազար դրամ (2016թ-ի հունվարին՝ 282,9 հազար դրամ):
ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ բնակարաններն ամենաէժանն են Մալաթիա-Սեբաստիայում և Նուբարաշենում: Մալաթիա-Սեբաստիայում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գինը կազմել է 242,5 հազար դրամ, Նուբարաշենում՝ 157,7 հազար դրամ:
Ինչ վերաբերում է մարզերին, ապա մարզկենտրոններում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գները հետևյալն են. Աշտարակ՝ 116,2 հազար դրամ, Արտաշատ՝ 99 հազար դրամ, Վաղարշապատ` 154 հազար 200 դրամ, Գավառ` 60,8 հազար դրամ, Վանաձոր` 88,6 հազար դրամ, Հրազդան` 63 հազար 900 դրամ, Գյումրի` 109,4 հազար դրամ, Կապան` 95,8 հազար դրամ, Եղեգնաձոր` 113 հազար 250 դրամ, Իջևան` 60,6 հազար դրամ:
Նշենք, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գինը կազմել է 292 400 դրամ: