Beeline-ը պարգևատրվել է «Ոսկե Մրցանակ»-ով «ԵՎՐԱԶԵՍ» երկրների միջպետական մրցույթի շրջանակում
Beeline-ը պարգևատրվել է «Ոսկե Մրցանակ»-ով միջազգային ստանդարտների ներդրման բնագավառում ծավալած աշխատաքների համար: Արդյունքների ամփոփումն ու մրցանակների հանձնման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել այսօր «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի և «Համազգային վստահություն» խորհրդի կողմից կազմակերպված մրցույթի շրջանակում:
Ընկերության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, միջոցառման նպատակն է խրախուսել միջազգային ստանդարտներին համապատասխան գործունեություն ծավալող տնտեսվարողների աշխատանքները:
Առաջատարներին որոշելու համար հաշվի են առնվել տարբեր միջազգային սերտիֆիկատները, միջազգային մրցույթներում ճանաչվելն ու վարկանիշավորման արժանանալը, ընկերությունների արտահանման ծավալները և ներկրվող ապրանքների ստանդարտացման աստիճանները:
«Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել մրցույթի կազմակերպիչներին Beeline-ին բարձր գնահատական տալու համար: Կրկնակի հաճելի է, երբ ընկերության աշխատանքն ուշադրության է արժանանում միջազգային հանրության կողմից: Մենք շատ հպարտ ենք և պարտավորված ենք մեզ զգում աշխատել էլ ավելի ուշադիր և պատասխանատու՝ հաճախորդների, գործընկերների և պետական մարմինների հետ: Չկա կատարելության սահման, և այս մրցանակը հերթական խթանը կհանդիսանա մեր ընկերության զարգացման և նոր բարձրունքների հասնելու գործում», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Նմանատիպ միջոցառումներն ընդունված են տարբեր առաջադեմ երկրներում և խթանում են միջպետական ստանդարտացման և չափագիտության բնագավառում նոր մոտեցումների և որակի բարելավմանը: Հայաստանի զարգացող տնտեսության համար նույնպես այն կնպաստի արտահանվող ապրանքների ու ծառայությունների ճանաչմանը և վստահության բարձր իմիջի ձևավորմանը», - նշել է «Համազգային վստահություն» խորհրդի նախագահ Աստղիկ Խաչատրյանը:
Միջոցառմանը մասնակցում են ԱՊՀ և Եվրասիական երկրների ստանդարտացման հանձնաժողովների նախագահները, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, Ռուսաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միության Տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման և համապատասխանության գնահատման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Լոցմանովը, Եվրոպական ստանդարտացման կոմիտեի (CEN) փոխնախագահ, Սլովենիայի ստանդարտացման ինստիտուտի (SIST) նախագահ Բոգդան Տոպիչը, Համազգային վստահություն խորհրդի նախագահ Աստղիկ Խաչատրյանը, «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ տնօրեն Ենոք Ազարյանը, մրցանակների արժանացած կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանի խոշոր և միջին բիզնեսի ներկայացուցիչները:
Նշենք, որ Հանրապետությունում գործարարի օրվա ավանդույթի ներդրման նպատակով մրցանակաբաշխության արարողությունն այս տարի անցկացվեց մարտի 3-ին` հայ նշանավոր գործարար և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրը:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում