«ՀԿԵ»-ի կողմից իրականացվող երկաթուղային և լաստանավային փոխադրումների սակագները զգալի նվազել են
Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև անցկացված քննարկումների արդյունքում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունը հայտարարում է Մոսկվա-Երևան և հակառակ ուղղությամբ երկաթուղային և լաստանավային փոխադրումների սակագների նվազման մասին։
Տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ նախարար Վահան Մարտիրոսյանին ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն փոխանցել է սակագների օպտիմալացման վերաբերյալ վրացական և ռուսական կողմերի հետ տարված բանակցությունների արդյունքում այդ երկրների տարածքով տարատեսակ բեռների փոխադրման սակագների համար ստացվել են նվազեցնող գործակիցներ։
Այսպիսով, մինչև այս տարվա հունվար գործող սակագների համեմատ Մոսկվա-Երևան ուղղության համար երկաթուղային և լաստանավային փոխադրման սակագները կնվազեն 32-35%-ով, իսկ Երևան-Մոսկվա ուղղությամբ մինչև 52-54%-ով` կախված բեռի տեսակից: Սակայն կան բեռնատեսակներ, որոնց փոխադրման սակագները չեն նվազել:
«Վրացական կողմի հետ պայմանավորվածությունը և նոր նվազեցնող գործակիցներն ուժի մեջ են մտել այս տարվա փետրվարի 22-ից, իսկ մարտի 13-ին գործնական ուժ կստանան նաև ռուսական կողմի տրամադրած զեղչված սակագները»,- հայտնել է «ՀԿԵ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն։
Ըստ աղբյուրի, երթուղին շահեկան է ներմուծող-արտահանողների համար ոչ միայն սակագների մատչելիության տեսանկյունից, այլև այն իրական այլընտրանք է Վերին Լարսով անցնող ավտոմոբիլային երթուղուն։
Առաջարկվող երթուղու հարմարությունը և ճկուն սակագները թույլ կտան ապահովել լաստանավի ակտիվ աշխատանքը: