Մեզ կհաջողվի ողջ ծավալով օգտագործել առկա տնտեսական ներուժը. Աշոտ Մանուկյան
«Հայ-թուրքմենական միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի 8-րդ նիստը ևս մեկ անգամ հաստատում է կողմերի ցանկությունը՝ հետագայում ևս խորացնել հարաբերությունները մեր պետությունների միջև»,- այս մասին նշել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը՝ այսօր Երևանում մեկնարկած հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի ժամանակ։
«Մենք մտադիր ենք իրագործել ոչ միայն նախատեսված ծրագրերը, այլև քննարկել համագործակցության հեռանկարային նախագծեր: Վստահ եմ, որ մեզ կհաջողվի ողջ ծավալով օգտագործել առկա տնտեսական ներուժը՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների»,-նշել է նախարարը։
էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի օրակարգում ընդգրկված են տնտեսության տարբեր ոլորտներին առնչվող բազմաթիվ հարցեր: Երկօրյա նիստի ժամանակ կքննարկվեն Հայաստանի և Թուրքմենստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների, իրավապայմանագրային դաշտի զարգացման, վառելիքաէներգետիկ համալիրի, գյուղատնտեսության, կրթության և գիտության, մշակութային-հումանիտար բնագավառներում համագործակցության հարցեր:
Ավարտին կստորագրվի Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի արձանագրությունը: