Եգիպտոսում ՀՀ դեսպան. Երկկողմ տնտեսական համագործակցության ուղղությամբ առկա է որոշակի առաջնթաց
Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ մարտի 14-ին ԵԱՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հարցազրույց է տվել MENA լրատվականին,-այս մասին տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հարցազրույցի ընթացքում դեսպան Մելքոնյանը, մասնավորապես, նշել է, որ հայ-եգիպտական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա՝ հիմքում ունենալով երկու բարեկամ ժողովուրդների պատմական ամուր կապերը։ Անցած քառորդ դարի ընթացքում հաջողվել է ստեղծել կայուն քաղաքական երկխոսություն՝ միմյանց քաղաքական օրակարգերի առանցքային խնդիրների նկատմամբ խորը փոխըմբռնման մթնոլորտում։ Դրա մասին են վկայում անցած տարիների ընթացքում շուրջ 15 բարձր մակարդակի փոխայցելությունները և ստորագրված 40-ից ավելի իրավապայմանագրային ակտերը։
Դեսպանն անդրադարձել է երկկողմ տնտեսական համագործակցությանը՝ նշելով, որ այդ ուղղությամբ առկա է որոշակի առաջնթաց։ Նա ասել է, որ աշխատաքներ են տարվում առաջիկայում Հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացման ուղղությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանում առաջին անգամ բացվել է եգիպտական դեղագործական ընկերություններից մեկի մասնաճյուղը։
Դեսպան Մելքոնյանն իր հարցազրույցում խոսել է մոտ ժամանակներս Կահիրեում Հայ-եգիպտական համատեղ ՏՏ ֆորումից՝ ընդգծելով, որ ամփոփվում են դրա կազմակերպման շուրջ աշխատանքները։ Որպես երկկողմ համագործակցության հեռանկարային ոլորտներ՝ դեսպանն առանձնացրել է նաև տեքստիլ արդյունաբերությունը և զբոսաշրջությունը։
Նա նաև համոզմունք է հայտնել, որ եգիպտացի գործընկերների հետ համատեղ շարունակվելու են ջանքերը՝ ի շահ երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը։