Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում՝ Ստրասբուրգում
Ստրասբուրգում մարտի 20-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա առթիվ Եվրոպայի խորհրդում Հայաստանի Մշտական ներկայացուցչությունը կազմակերպել է հանդիսավոր միջոցառում՝ այդ կերպ ԵԽ շրջանակներում ազդարարելով 2018-2019 թվականներին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի առաջիկա նախագահությունն ու 2018 թվականին Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացումը։ Միջոցառմանը մասնակցել են ԵԽ Գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի Դրագոնին, ԵԽ բարձրաստիճան պաշտոնյաներ, ՖՄԿ անդամ երկրների դեսպաններ, դիվանագետներ, ինչպես նաև Ստրասբուրգի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, հայտնում են ԱԳՆ մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հանդիսավոր միջոցառումը մեկնարկել է Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանի և Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի Դրագոնիի բացման ելույթներով, որից հետո Ստրասբուրգի համալսարանի պրոֆեսոր Ֆլորանս Բենուա-Ռոհմերը հանդես է եկել «Ֆրանկոֆոնիան` ի սպաս մարդու իրավունքների» թեմայով դասախոսությամբ:
Ողջունելով հյուրերին՝ Պարույր Հովհաննիսյանը, մասնավորապես նշել է, որ Եվրոպայի խորհրդին և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը միավորում են միջազգային հարթակներում ֆրանսերենի խթանմանն ուղղված երկուստեք հանձնառությունը, ինչպես նաև երկու կառույցների փոխլրացնող նպատակները, որոնք միտված են երկխոսության միջոցով ամրապնդել միջազգային համագործակցությունը ժողովրդավարության, մարդու իրավունքների, լեզվամշակութային բազմազանության արժեքների շուրջ: Ուստի, պատահական չէ, որ Եվրոպայի խորհրդի 47 անդամ երկրներից շուրջ 30-ը հանդիսանում են ՖՄԿ անդամ կամ դիտորդ պետություններ: ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծել է նաև Հայաստանի ակտիվ դերակատարությունն ինչպես ԵԽ-ում, այնպես էլ ՖՄԿ-ում:
Իր հերթին, Գաբրիելա Բատաինի Դրագոնին ներկայացրել է ԵԽ-ՖՄԿ միջև 2008թ. ստորագրված համատեղ հայտարարության հիման վրա իրականացող համագործակցության ընթացքը: Գլխավոր քարտուղարի տեղակալը նշել է նաև, որ ԵԽ-ում Հայաստանի արդյունավետ համագործակցությունը վստահություն է ներշնչում նաև ՖՄԿ-ում Հայաստանի հանձնառությունների հաջող կենսագործման համար:
«Ֆրանկոֆոնիան` ի սպաս մարդու իրավունքների» խորագրով դասախոսության ընթացքում պրոֆեսոր Ֆլորանս Բենուա-Ռոհմերը ներկայացրել է մարդու իրավունքների ոլորտում միջազգային տարբեր կառույցների հետ ՖՄԿ համագործակցության ծրագրերը, այնուհետև, պատասխանել մասնակիցների հարցերին:
Հանդիսավոր միջոցառման ավարտին տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն։