Ավարտվել է զինծառայողի մահվան փաստով հարուցված քրգործի նախաքննությունը
Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սևակ Հովհաննեսի Համբարձումյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Կատարված բազմակողմանի͵ օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում բացահայտվել են համածառայակիցների կողմից Ս.Համբարձումյանին վիրավորելու͵ նրա նկատմամբ բռնություն գործադրելու բազմաթիվ դեպքեր͵ 2 անձի առաջադրվել է մեղադրանք։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ ժամկետային զինծառայող Ս.Համբարձումյանը գլխի ճակատային շրջանում հրազենային մարմնական վնասվածքով հայտնաբերվել է 2016թ. մարտի 24-ին` ժամը 09:20-ի սահմաններում՝ ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգարանում, ով Կապանի քաղաքային հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Փաստական տվյալների համաձայն՝ զինծառայողն ինքնասպանություն է գործել հրձագարանի՝ զենքի նորմալ նշանազարկի բերման կետում ԱԿ-74 տեսակի զենքով կրակոց արձակելու միջոցով։
Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ 2016թ. հունվարի սկզբներից մինչև մարտի 24-ն ընկած ժամանակահատվածում նույն զորամասի հրաձգային գումարտակի դյուրակիր զենիթային հրթիռային համալիրի հաշվարկի հրամանատար, պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով շարքային Ն.Չիչակյանը պարբերաբար անհարկի կշտամբել ու դիտողություններ է արել Ս.Համբարձումյանին:
Նա հանձնարարել է կատարել ծառայողական պարտականություններից չբխող, նրա համար տհաճ աշխատանքներ, տարբեր առիթներով վիրավորել՝ անպարկեշտ ձևով ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը, ինչպես նաև՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ չկապված բռնություն գործադրել վերջինիս նկատմամբ:
Պարզվել է նաև, որ նույն զորամասի հրաձգային գումարտակի կապի դասակի ավագ հեռախոսավար, կոչումով կրտսեր սերժանտ Կ. Իգիթյանն իր փոխարեն զորանոցի տարածքը մաքրելու համար դիմել է շարքային Ս.Համբարձումյանին: Երբ վերջինս հրաժարվել է, Իգիթյանը վիրավորել է նրան, ինչից հետո Ս.Համբարձումյանը կատարել է նշված աշխատանքը:
Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ն.Չիչակյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ մասով, 360-րդ հոդվածի 2-րդ մասով (չորս դրվագ), 358.1-րդ հոդվածի 1-ին մասով և 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, Կ.Իգիթյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ՊՆ-ն ցավակցել է հրազենային վիրավորում ստացած զինծառայողի հարազատներին
- ՀՀ ԶՈւ զորամասերից մեկում զինծառայող է մահացել (լրացված)
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին