Ասում են՝ մենք պոպուլիզմով ենք զբաղված. Գագիկ Ծառուկյան
«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր քարոզարշավի շրջանակներում Եղեգնաձորում ներկայացնելով դաշինքի ծրագրի 15 կետերը՝ նշեց, որ դրանք կյանքի կկոչեն առաջին իսկ ամսում, եթե ժողովուրդն իրենց տա 50+1 ձայն:
Նրա խոսքերով՝ այսօր մարդիկ օգնություն չեն ուզում, այլ աշխատանք են ուզում, որպեսզի արժանապատիվ ապրեն:
Գագիկ Ծառուկյանն, անդրադառնալով թոշակների բարձրացմանը՝ նշեց, որ թանկացումներին զուգահեռ պետք է ամեն տարի բարձրացնեն թոշակները:
«Մենք նախատեսում ենք թոշակները ավելացնել 25 հազար դրամով, կինդեքսավորվեն և ամեն տարի կվերանայվեն` 5 կամ 10 հազարով ավելանալով: Այսօր որոշ մարդիկ ասում են, որ մենք պոպուլիզմով ենք զբաղված, բայց ես յուրաքանչյուրին հրավիրում եմ բանավիճելու, թող ասեն` ո՞րն է պոպուլիզմ»,- ասաց Գագիկ Ծառուկյանը` հավելելով, որ եթե ներդրումներ արվեն, տնտեսությունն աճի, ապա, բնական է, որ թոշակներն ու աշխատավարձերն էլ կավելանան:
Նրա խոսքերով՝ եթե ամեն մարզում 20 մլն դոլար ներդրում կատարվի, այսինքն՝ ընդհանուր առմամբ տրամադրվի 200 մլն դոլար, ապա հնարավոր կլինի վերագործարկել գործարանները:
Գագիկ Ծառուկյանը խոսեց նաև առողջապահության ոլորտից ՝ նշելով, որ պետպատվերի համակարգը պետք է փոխել: Ըստ նրա՝ պետպատվերի շրջանակում բուժվող մարդկանց նախ հերթի են դնում, հետո էլ ասում, թե գումարը վերջացել է:
«Մենք առաջարկում ենք գումարը սերտիֆիկատի տեսքով հանձնել մարդուն, որ ինքը որոշի, թե որ հիվանդանոցում բուժում ստանա: Այսպիսով, մարդը կլինի ոչ թե խնդրողի, այլ դիմողի կարգավիճակում»,- ասաց դաշինքի առաջնորդը՝ հավելելով, որ անլուծելի խնդիր չկա, բոլոր խնդիրներն էլ լուծում ունեն:
Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ նաև վարկերին՝ նշելով, որ դրանք պետք է տրամադրվեն 2-5 տոկոսով, այլ ոչ թե 20 կամ 30 տոկոսով:
«Այդպես տնտեսությունը չի կարող զարգանալ»,- ասաց նա:
Նրա խոսքերով՝ կան այնպիսի ծրագրեր, որոնցից այնպիսի տպավորություն է ստանում, որ հաղթանակի դեպքում ապրիլի 2-ից հետո Շվեյցարիայի ենք վերածվելու:
«Բայց իրական կյանքում այդ մարդը ի՞նչ ա արել, նույնիսկ սեփական կատու չունի, կյանքում ոչ մի գործ չի արել, որ այսօր մեծ գործերից խոսի: Մարդը 1000 դոլար չի վաստակել, բայց միլիոններից ա խոսում: Մարդը պետք է քրտնաջան աշխատած լինի, որ հասկանա աշխատողի ղադրը, արդյունավետին բարձրացնի ու պարգևատրի, իսկ անարդյունավետ աշխատողին` պատժի ու հեռացնի»,- ընդգծեց Գագիկ Ծառուկյանը և հորդորեց եղեգնաձորցիներին քվեարկել ըստ սեփական որոշման: