Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի հետևանքով կարող է քանդվել գյուղացու տունը
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը Նինոծմինդայի շրջանի Ղուլալիս գյուղում անցնում է Հարություն Ղազարյանի տնից ընդամենը 32 մետր հեռավորության վրա՝ առաջացնելով բազմաթիվ անհարմարություններ տան բնակիչների համար և վտանգ կա, որ տունը կարող է կքանդվել: jnews.ge-ն գրում է, որ Հարություն Ղազարյանի տունը գտնվում է գյուղի ծայրամասում, երբ անցկացրել են մանրախճի լցումը, բարձրացել է երկաթգծի ճանապարհը, իսկ Հարություն Ղազարյանի տունը հայտնվել է երկաթգծից ցածր մակարդակի վրա, արդյունքում գյուղի ամբողջ ջուրը հավաքվում է նրա տան բակում:
«Ամռանը, երբ աշխատում է ծանր տեխնիկան, անհնար է նստել տանը, այդ աշխատանքների պատճառով տան պատերը ճաքեր են տվել, եթե այսպես շարունակվի, ապա տունը վթարային կդառնա»,-ասել է Հարություն Ղազարյանը:
Բացի այդ, տունը դարձել է խոնավ, պատերին կան բորբոսներ:
«Երկաթուղու շինարարության ընթացքում նախագծի մեջ ընկավ նաև մեր հողը, մեր հողը գնեցին, իսկ տունը տուժել է շինարարության հետևանքով: Երբեմն մեզ հարցնում են, թե ինչու եք վաճառել հողը: Մենք չէինք կարող չվաճառել, ո՞վ էր մեզ հարցնողը»,-նշել է Ղուլալիսի բնակիչը:
Նրա խոսքով, ժամանակին խոստացել են, որ տունը նույնպես կգնի պետությունը:
«Մենք ցանկանում ենք, որ պետությունը օգնի մեզ լուծել մեր խնդիրը, որպեսզի պետությունը գնի մեզ համար տուն Ղուլալիս գյուղում այլ վայրում, մերի փոխարեն: Սա մեր սեփական տունն է, այստեղ ենք մենք ապրում, 1994թ.-ից, և մենք մեղավոր չենք այն բանի համար, որ պետությունը որոշեց կառուցել երկաթուղին հենց այստեղ, մեր տան կողքին»,-ասել է Հարություն Ղազարյանը:
Նա պատմել է, որ նամակով դիմել են Վրաստանի կառավարությանը և Պետգույքի կառավարման ազգային գործակալությանը: Նրանք ստացել են փաստաթուղթ Պետգույքի կառավարման ազգային գործակալությունից այն մասին, որ նամակը հասել է հասցեատիրոջը, սակայն ոչ մի քայլ այս խնդրի լուծման համար չի կայացվել: