Դրամաշնորհի համաձայնագիր՝ Հայաստանի և Համաշխարհային բանկի միջև
Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (Համաշխարհային բանկ) միջև այսօր ստորագրվել է 1,800,000 ԱՄՆ դոլար գումարի չափով «Գյուղատնտեսական քաղաքականության մոնիտորինգի և գնահատման կարողությունների զարգացման ծրագիր» դրամաշնորհի համաձայնագիրը:
Ֆիննախի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ դրամաշնորհային միջոցները տրամադրվել են որպես դոնոր հանդես եկող Ճապոնիայի կողմից «Քաղաքականության և մարդկային ռեսուրսների զարգացման հատուկ հիմնադրամ» հավատարմագրային հիմնադրամի շրջանակներում: Նշյալ համաձայնագիրը հայկական կողմից ստորագրել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, իսկ Համաշխարհային բանկի կողմից՝ Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Լորա Ի. Բեյլին:
Ծրագրի նպատակն է հզորացնել ՀՀ ԳՆ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի մոնիտորինգի և գնահատման կարողությունները և համակարգերը՝ վերջինիս հնարավորություն տալով իրականացնել փաստերի վրա հիմնված գյուղատնտեսական քաղաքականության վերլուծություններ և ձևակերպում:
Ծրագիրը կազմված է երկու բաղադրիչներից՝ «Փաստերի վրա հիմնված քաղաքականության մշակման վերլուծության և ձևավորման համար կարողությունների զարգացում» և «Ծրագրի կառավարում և վարչարարություն, մոնիտորինգ, գնահատում և գիտելիքների տարածում»:
Նախարար Արամյանը իր գոհունակությունն է հայտնել Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի հետ համագործակցության համար։
«Հայաստանի Հանրապետության կառավարությունն ունի երկար տարիների համագործակցության պատմություն Համաշխարհային բանկի խմբի հետ: Մենք միասին աշխատում ենք գյուղատնտեսության ոլորտում ավելի քան երկու տասնամյակ: Այսօր ստորագրվեց մի շատ կարևոր դրամաշնորհի համաձայնագիր, որը վստահ ենք մեծապես կաջակցի գյուղատնտեսական ոլորտում խնդիրների հաղթահարմանը»,- ասել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Լորա Ի. Բեյլին: