Հայաստանի ներդրումային գրավչությունները «Հայաստան. Հրաշալի երկիր, խելացի հնարավորություններ» ձեռնարկում
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում նախօրեին տեղի է ունեցել «Հայաստան. Հրաշալի երկիր, խելացի հնարավորություններ» (Great country, smart opportunities) ձեռնարկի շնորհանդեսը: Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկը պատրաստվել է «Մեծ Քառյակի» (Big Four) անդամ «Քեյ Փի Էմ Ջի» (KPMG) հեղինակավոր խորհրդատվական ընկերության և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության համատեղ ջանքերով:
Նախարար Սուրեն Կարայանը նշել է, որ ձեռնարկն ընդգրկուն տեղեկատվական նյութ է Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրի վերաբերյալ: Նա ընդգծել է, որ ձեռնարկը կարող է ծառայել որպես ներդրումների ներգրավման արդյունավետ գործիք` պոտենցիալ ներդրողներին տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն:
«Ուրախությամբ պետք է ասեմ, որ այս ձեռնարկի ներկայացումը Հայ-էմիրաթական ներդրումային համաժողովի ընթացքում մեծ արձագանքներ է ստացել։ Մենք քննարկումներ ենք ունեցել տարբեր պոտենցիալ ներդրողների հետ, որոնց հետաքրքրել էր ձեռնարկը։ Նշեմ նաև, որ մեր կազմակերպության գրասենյակը ԱՄԷ-ում պատրաստակամություն է հայտնել աջակցել և համագործակցել Հայաստան ներդրումներ ներգրավելու աշխատանքներում»,-ասել «Քեյ Փի Էմ Ջի» ընկերության Ռուսաստանի ու ԱՊՀ մյուս երկրների գործընկերների խորհրդի անդամ Վիկտոր Ակուլյանը։
«Հայաստան. Հիասքանչ երկիր, խելացի հնարավորություններ» ձեռնարկը ներկայացնում է ամբողջական տեղեկատվություն Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրի վերաբերյալ, նախանշված գերակա ոլորտների և առկա ներդրումային ծրագրերի նկարագրություններով` շեշտադրելով Հայաստանի մրցակցային առավելությունները, իրականացվող բարեփոխումները:
Ձեռնարկում զետեղված է նաև անհրաժեշտ տեղեկատվություն տնտեսական ոլորտի իրավական կարգավորումների և գործող արտոնությունների տրամադրման համակարգի ատևտրային արտոնյալ ռեժիմների, մակրոտնտեսական և ֆինանսական ցուցանիշների, հարկային և մաքսային օրենսդրության, ազատ տնտեսական գոտիների վերաբերյալ: