Մինչդատական վարույթի ընթացքում քննիչները պետք է լինեն անկախ. Աղվան Հովսեփյան
«ՀՀ Սահմանադրությամբ քննչական մարմիններին է վերապահված մինչդատական վարույթի կազմակերպումն ու իրականացումը, դա քննչական ստորաբաժանումների պարտականությունն է՝ դրանից բխող լիազորություններով և պատասխանատվությամբ»,-հայտարարել է Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը Արագածոտնի մարզային քննչական վարչությունում այսօր անցկացրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
ՔԿ նախագահը նշել է, որ նախաքննության արդյունավետությունը͵ հանցագործությունների բացահայտումը կարող է ապահովել արտագերատեսչական, անկախ քննչական մարմինը͵ որտեղ աշխատող քննիչներն անկախ և ինքնուրույն են՝ իրենց վարույթում գտնվող քրեական գործերի քննության ընթացքում։
«Քննության որակի բարձրացումը ոչ թե ցանկություն է, այլ՝ մեր պարտականությունը։ Դրա համար է ստեղծվել քննչական կոմիտեն։ Մեր խնդիրն է մեր համակարգում ունենալ ինքնուրույն և անկախ քննիչներ, ովքեր ունակ են իրենց վարույթում քննվող քրեական գործերով կայացնել ինքնուրույն որոշումներ», - ընդգծել է Ա.Հովսեփյանը։
Կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, կարևորելով նախնական քննության ընթացքում դատախազական արդյունավետ հսկողությունը, վարչական ղեկավարների կողմից պատշաճ վերահսկողությունը՝ ՔԿ նախագահը միաժամանակ ընդգծել է, որ ղեկավարներին քննիչների ենթակայությունը պետք է սահմանափակվի միայն վարչարարության շրջանակներում:
«Վարչական ղեկավարները պարտավոր են ապահովել քննիչների անկախությունը, ենթակայությունը ղեկավարներին միմիայն պետք է դրսևորվի վարչարարության ընթացքում, իսկ վարույթի ընթացքում քննիչները պետք է լինեն անկախ, ունակ կայացնելու ինքնուրույն դատավարական որոշումներ»։