Կարեն Կարապետյան. Համեմատության մեջ մեր ծրագիրը մրցունակ է ու իրատեսական
Խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ծրագրերում վարչապետ Կարեն Կարապետյանը չի տեսել մի ամփոփ պատկերացում, թե որտեղ ենք և ուր ենք գնալու: Այսօր նա այդ մասին հայտարարեց Դավիթաշեն վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպմանը:
«Տեսել եմ որոշակի դիսկրետ օղակներ, թե ինչպես լուծել, տեսել եմ դիսկրետ քննադատություններ: Հնարավոր է՝ քննադատությունները լինեն նաև օբյեկտիվ, բայց որ կա մի պատկեր, թե որտեղ ենք և ուր ենք գնալու, չեմ տեսել: Գուցե ես կողմնակալ եմ, խնդրում եմ ինքներդ դատեք: Խնդրում եմ ևս մեկ անգամ մեր ծրագրի հետ ծանոթանալ և համեմատել այլ ծրագրերի հետ: Համենայն դեպս համեմատության մեջ, կարծում եմ, որ մեր ծրագիրը մրցունակ է ու իրատեսական»,-ասաց Կարեն Կարապետյանը:
Նա ներկաներին ասաց՝ համոզված լինեն, որ ՀՀԿ թիմը ռեալ գիտի՝ ոնց երկիրը փոխել:
«Մեր թիմը ռեալ համոզված է, որ իր ներկայացրած ծրագիրը կարող է անել, անկախ այն բանից, թե մենք ինչքան նեղված ենք, ինչքան թերհավատ ենք, և թե ինչպիսի շրջապատում ենք ապրում: Դրա համար բազմաթիվ օրինակներ կան»,-ասաց վարչապետը:
Կարճ նախաբանից հետո վարչապետն ընտրողներին առաջարկեց անցնել հարցերին: Երևանցի մի կին հարց ուղղեց՝ կառավարության ղեկավարը հնարավոր համարո՞ւմ է պետական համակարգում ցածր աշխատավարձերի պարագայում կաշառակերության բացառումը:
«Դուք ճիշտ եք նկատում, ամենաբարդ փոփոխությունները պետական կառավարման համակարգում ենք իրականացնելու, եթե պետական կառավարման մակարդակը չբարձրացնենք, հաջողություն չենք ունենա: Կառավարման պետական համակարգի ցածր վարձատրությունը թույլ չի տալիս մեզ՝ լավագույն մասնագետներին հրավիրենք»,-ասաց վարչապետը:
Նրա խոսքով, այսօր իրենց թիմը համալրվել է երիտասարդ մասնագետներով, որոնց տեղափոխել են մասնավոր սեկտորից:
«Նրանք աշխատավարձի առումով տուժել են, բայց արել են կամավոր, իրենց ցանկությամբ, որովհետև իրենք բավարարվածություն են զգալու այն առումով, որ մասնակցելու են մեր երկրի փոփոխություններին: Դա չի կարող երկար տևել: Եվ մենք պետք է պետական կառավարման համակարգում վարձավճարների չափը սկզբունքորեն փոխենք»,-ասաց կառավարության ղեկավարը:
Բիզնեսի տեսանկյունից նա ճիշտ է համարում մենեջերների պարտականությունների ու իրավունքների հստակեցում կատարել հենց այս պահին, դա կբերի արդյունավետության, սակայն բազմաթիվ խնդիրների ու սոցիալ-տնտեսական նման պայմանների առկայության դեպքում, վարչապետի խոսքով, աշխատավարձերի բարձրացումը ոչ ոք ճիշտ չի հասկանա:
«Կասեն, հըլը ոչ մի բան չարած իրենց աշխատավարձն են բարձրացնում: Այդ պատճառով, մենք բարեփոխումների մեջ պետական կառավարման ոլորտի բարեփոխումները մտած են 5-6 առաջնահերթությունների մեջ, սակայն, ցավոք, աշխատավարձերի բարձրացումը լինելու է վերջինը, լինելու է արդյունքը այն բանի, որ մեր գործողություններով բյուջեն լցնելու ենք, որպեսզի մենք հասարակությանը ցույց տանք, որ դրա իրավունքը վաստակել ենք»,-ասաց վարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին