ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Վրաստանի տարածքով Հայաստան զենք տեղափոխելու մասին տեղեկություններին
«Վերջին օրերին նկատվում է Թբիլիսիի պրովակացիոն հայտարարությունների ու գործողությունների իսկական «հրավառություն»»: Նման հայտարարություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն՝ մեկնաբանելով Վրաստանի տարածքով Հայաստան ռուսական զենք տեղափոխելու մասին տեղեկությունները:
«Քարոզչական աղմուկի համար առիթ է դառնում ամեն ինչ. և Աբխազիայի իրավաչափ որոշումը՝ օպտիմիզացնելով անցակետերի թիվը Վրաստանի հետ իր սահմանին, և երկկողմանի համաձայնագիրը, որը Հարավային Օսեթիայի քաղաքացիներին թույլ է տալիս անհատական պայմանագրերով ծառայել ռուսական բանակում, և իբր թե Աբխազիայում հավելյալ С-300 դիվիզոնի տեղակայման մասին լուրերը, և արդեն ամբողջությամբ ֆանտաստիկ մի պատմություն՝ Վրաստանից Հայաստան ռազմական շարասյուն անցնելու մասին»,-նշում են ՌԴ ԱԳՆ-ում:
ՌԴ ԱԳՆ-ում չեն կասկածում, որ «այս ամբողջ քաղաքական ներկայացումը նվիրված է մարտի 28-29-ին Ժնևում կայանալիք քննարկումների հերթական փուլին»:
«Ըստ երևույթին, Թբիլիսին պատրաստվում է ժնևյան հարթակում շարունակել սաբոտաժը: Եվ ահա նախապես ստեղծում է հիստերիկ մթնոլորտը: Այդ կապակցությամբ ուզում ենք ասել, որ ռուսական պատվիրակությունը Շվեյցարիա է մեկնում հանգիստ ու Անդրկովկասի անվտանգության ու կայունության հարցերի՝ արդյունավետ քննարկումների տրամադրությամբ: Կոչ ենք անում նույն կերպ վարվել նաև վրացի գործընկերներին ու ժնևյան քննարկումների բոլոր մասնակիցներին»,-ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական էջում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ