Կառավարության հետ համագործակցության հիմքերը դրված են. «Օքսֆամ Հայաստան»-ի տնօրեն
Այսօր «Օքսֆամի» հայաստանյան գրասենյակը և Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը (ՏԶՀԿ) կազմակերպել էին «Հանրային երկխոսության մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով քննարկում։
Միջոցառման ընթացքում «Օքսֆամը» և ՏԶՀԿ-ն ներկայացրեցին ԵՄ ֆինանսավորմամբ իրականացված «Քաղաքականությունների բարելավմանն ուղղված երկխոսություն և քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնում» եռամյա ծրագրի արդյունքները։
«Օքսֆամ Հայաստան»-ի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը լրագրողների հետ զրուցում տեղեկացրեց, որ ծրագրի հիմնական նպատակն է ուժեղացնել հասարակական սեկտորի կարողությունները և կառավարության հետ երկխոսության միջոցով բովանդակալից մասնակցություն ունենալ հանրային քաղաքականությունների ձևավորման հարցում։
«Եռամյա ծրագիրն իր մեջ ներառում է 3 ոլորտ՝ գյուղատնտեսություն, առողջապահություն և սոցիալական ապահովություն։ Կարծում եմ՝ կառավարության հետ մեր համագործակցության հիմքերն արդեն իսկ դրված են։ Հաջորդ քայլը կլինի հարաբերությունների ամրապնդումն ու առաջ շարժվելը»,- նշեց նա։
Քննարկմանը ներկա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սոնա Հարությունյանն էլ նշեց, որ «Օքսֆամ Հայաստանի» և ՏԶՀԿ-ի հետազոտությունը կարելի է համարել հաջողված, քանի որ ծրագրի նպատակներն ու իրականացման ժամանակահատվածն ամբողջությամբ համահունչ են նախարարության մշտադիտարկման գործընթացներին։
«Մեր համագործակցությունն իսկապես հաջողված էր, որովհետև երկուստեք շահագրգռված էինք ծրագրի իրականացման հարցում։ Իսկ եթե շահերը երկուստեք համընկնում են, արդյունքներն ավելի շահեկան են լինում»,- ասաց նա։
Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի նախագահ Մուշեղ Թումասյանն էլ իր հերթին ընդգծեց, որ իրենց կազմակերպությունն, ըստ էության, պատասխանատու էր ծրագրի հետազոտական բաղադրիչի համար։
«Տվյալ դեպքում մեր խնդիրն էր կազմակերպել «Օքսֆամ Հայաստանի» և երեք նախարարությունների կողմից ընտրված 6 ծրագրերի մոնիթորինգը։ Մենք ստեղծեցինք համապատասխան տեղեկատվական դաշտ, որպեսզի մյուս ՀԿ-ներն ու պետական կառույցները կարողանան այդ տեղեկատվությունն առավել պարզեցված կերպով վերլուծել»,- նշեց նա։