«Բուրմունք» խանութից 5 մլն․ դրամի օծանելիք հափշտակելու մեջ մեղադրվողները ձերբակալվել են. «Հրապարակ»
Վերջերս հերթական խարդախության սկանդալային սխեման է բացահայտվել: «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ մարտի 8-ի առթիվ մեկը զանգահարել է ԱԺ պատգամավոր Գարեգին Նուշիկյանին պատկանող «Բուրմունք» խանութ-սրահ և նշել, թե 5 մլն․ դրամի օծանելիք են ցանկանում:
«Խանութից նրանց հայտնել են, որ մինչև գումարը չփոխանցեն, չեն կարող ապրանքը տալ: Որոշ ժամանակ հետո նույն անձը զանգահարել և նշել է, թե՝ ապրանքը պատրաստեք, հաշիվ-ապրանքագիրը բերում եմ: Այս ամենը կասկածելի է թվացել Գարեգին Նուշիկյանին, ով անմիջապես կապ է հաստատել խնամու՝ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի հետ: Վերջինս Նուշիկյանին առաջարկել է թիկնապահին պահակի հագուստ հագցնել, որպեսզի ապրանքը բարձեն մեքենան և գնորդի հետ ուղարկեն գումարի ետևից: Այդ ընթացքում իրավապահները հետևել են ողջ գործընթացին: Մեքենան բարձել են դատարկ «ֆլակոններով», թիկնապահն էլ գնացել է գումարի ետևից, ճանապարհին մի քանի անգամ մեքենաներ են փոխել, թե՝ մենք չենք գնորդը, այսինչն է, և արդեն վերջին մեքենայի վարորդը Նուշիկյանի թիկնապահին ավետել է, որ իրենց «քցել» են: Իրավապահները հերթով շղթայի բոլոր մասնակիցներին ձերբակալել են, այժմ քննություն է ընթանում»:
Տեղեկությունը ճշտելու նպատակով թերթը դիմել է Գարեգին Նուշիկյանին, ով սկզբում հորդորել է դիմել Քննչական կոմիտե, «Նուշիկյան ասոցիացիա»՝ հաստատելով, որ նման բան եղել է: