Գեյնսբորոյի «Առավոտյան զբոսանք» կտավը թանգարանում վնասած անձը հոգեբուժարանում է
Լոնդոնի ազգային պատկերասրահում անգլիացի հայտնի նկարիչ Թոմաս Գեյնսբորոյի «Առավոտյան զբոսանք» կտավը վնասած մարդը եղել է հոգեբուժական հիվանդանոցի պացիենտ:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ օրը 63-ամյա Քիտ Գրեգորին Լոնդոնի Ազգային պատկերասրահում Թոմաս Գեյնսբորոյի «Առավոտյան զբոսանք» կտավը երկու տեղից կտրել էր: Կտավը գնահատվում է 10 միլիոն ֆունտ ստերլինգ: Դեպքը տեղի էր ունեցել տասնյակ մարդկանց աչքի առաջ: Նա ասել էր, որ պայթուցիկ ունի իր մոտ:
Ռիա նովոստիի հաղորդմամբ, դատախազը հայտարարել է, որ Գրեգորին նախորդ տարվա նոյեմբերին «փաստացի փախել» է հոգեբուժական հիվանդանոցից: Գործով դատական նախնական լսումները սկսվելու են ապրիլի 20-ին: Մինչ այդ նա կմնա հոգեբուժական հիվանդանոցում: Քիտ Գրեգորին հրաժարվել է առաջարկված փաստաբանի ծառայություններից, չնայած հայտնել էր, որ ուզում է մասնավոր փաստաբան վարձել, որովհետև ունի միլիոնից ավելի ֆունտ ստերլինգ: