Էջմիածնում ատրճանակով սպառնացել են ՕՐՕ-ի շտաբի աշխատակցին
Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում սպառնացել են ՕՐՕ-ի շտաբի աշխատակցին:
«Վազգեն Առաջին ու Նալբանդյան փողոցների խաչմերուկում երեկ կեսգիշերին մոտ առանց պետհամարանիշի մի մեքենա կտրել է ՕՐՕ դաշինքի՝ Էջմիածնի շտաբի աշխատակից Պատվական Կոդոսյանի մեքենայի դիմացը: Մեքենայի հետևի մասից դուրս է եկել մի երիտասարդ, նստել Կոդոսյանի մեքենայի հետևի մասում, ատրճանակը պահել նրա գլխին»,-Panorama.am-ին պատմեց ՕՐՕ դաշինքի մամուլի քարտուղար Արեգնազ Մանուկյանը:
Մեքենայում Պատվական Կոդոսյանը միայնակ է եղել: Անծանոթը, ըստ Մանուկյանի, սպառնացել է Կոդոսյանին՝ հեռու մնալ դաշինքից ու ընտրական պրոցեսներից:
«Նաև ասել է՝ մենք գիտենք ձեր բոլոր մեքենաները, ձեր բոլոր քայլերը: Ասել է՝ կարծում եմ, սա մեր վերջին հանդիպումը կլինի: Հետո իջել, գնացել է»,-ասաց նա:
Ա. Մանուկյանի խոսքով, անծանոթ երիտասարդը Կոդոսյանին զգուցացրել է, որ հետ չնայի: Ինչքանով հասցրել է տեսել՝ սև արևային ակնոցներով է եղել ու չսափրված:
Շտաբի անդամները դիմել են ոստիկանություն, ոստիկանության աշխատակիցներն այցելել են դաշինքի շտաբ, հետո աշխատակիցներին ոստիկանության բաժին են տարել, մինչև առավոտյան 5-ը ցուցմունք են տվել:
«Առանց պետհամարանիշի մեքենան մի քանի օր շարունակ տեսել են մեր ռեյտինգային թեկնածու Նարեկ Հարությունյանի շտաբի մոտ»,-ասաց նա:
Ոստիկանությունը Էջմիածնի միջադեպի վերաբերյալ հաղորդում է ստացել: Panorama.am-ին ոստիկանության հասարակայանության հետ կապերի ու լրատվության վարչության պետ Էդգար Ջանոյանը հայտնեց. «Հանգամանքները պարզվում են, հետաքննություն է կատարվում»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ