Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Միացյալ Թագավորության վարչապետին
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին՝ մարտի 22-ին Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի և վիրավորների կապակցությամբ։ Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Նորին Սրբությունն իր վշտակցությունն է հայտնել Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին, զոհվածների ընտանիքներին ու հարազատներին՝ շուտափույթ ապաքինում մաղթելով բոլոր վիրավորներին:
«Խստորեն դատապարտում ենք ահաբեկչություններն ու ծայրահեղական դրսևորումները, որոնք չունեն որևէ արդարացում և մարտահրավեր են՝ ուղղված բոլոր ժողովուրդներին ու պետություններին: Վստահ ենք, որ Մեծ Բրիտանիայի բարեսեր իշխանությունները կարող պիտի լինեն կանխարգելելու նմանօրինակ ոճրագործությունները՝ ապահովելով աստվածասեր Ձեր ժողովրդի խաղաղ, ապահով ու անվրդով կյանքը։
Թող Երկնավոր Տերը պահապան լինի Մեծ Բրիտանիային և զորակից լինի Ձեզ և բարեպաշտ Ձեր ժողովրդին», - ասված է Ամենայն Հայոց Հայրապետի ցավակցական նամակում։
Ավելի վաղ Թերեզա Մեյին ցավակցություն էր հայտնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
- ԻՊ-ն ստանձնել է Լոնդոնում ահաբեկչության պատասխանատվությունը
- Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին
- Ոստիկանությունը Լոնդոնում իրականացված հարձակումը կապում է իսլամիստական ահաբեկչության հետ
- Կրակոցներ և վիրավորներ բրիտանական խորհրդարանի մոտ (Լրացված)