Խորհրդարանը պետք է նաև աշխատի փորձագիտական-վերլուծական ընկերակցությունների հետ. քննարկում
«ՀՀ ԱԺ նախընտրական քարոզարշավն անվտանգության հարցերի և արտաքին քաղաքականության համատեքստում» խորագրով կլոր սեղան քննարկմանը բանախոսներն այսօր անդրադարձել են քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերին ու մոտեցումներին կապված Հայաստանի արտաքին քաղաքականության, ինչպես նաև անվտանգային թեմաների հետ, խոսվեց նաև խորհրդարանական դիվանագիտության դերի ու կարևորության մասին, հատկապես Սահմանադրական բարեփոխումներից հետո:
«Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով, անվտանգության հետ կապված առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի հարցով քաղաքական ուժերի կողմից հնչեցվող «խաղաղություն հենց հիմա» կամ «ոչ մի թիզ հող» ձևակերպումները նպատակ ունեն բացառապես իրենց կողմը գրավել ընտրողներին։
«Հասարակության մի լայն զանգված դա շատ բնական է համարում հատկապես ապրիլյան պատերազմից հետո և այդ ազդեցության տակ կարող է քվեարկել այդ ուժի օգտին: Մյուս կողմից իսկապես, կան մարդիկ, ովքեր հոգնել են ու չեն ցանկանում մարդկային կյանքեր տալ այս լուռ պատերազմում: Մարդիկ ցանկանում են ապրել խաղաղության մեջ, հենց հիմա, բայց նրանց դժվար է բացատրել, որ մենք նորմալ բանակցային գործընկեր չունենք, և դա նրանց առանձնապես հաճելի չի էլ լինի»:
Իսկանդարյանի խոսքով, ընտրողների մոտ օրինակ եվրոպա բառը գեղեցիկ ասոցիացիաներ կարող է առաջացնել, սակայն պետք է հասկանալ, որ նույն անվտանգության ապահովման մասով Եվրոպական միությունը չունի գործիքներ:
Քննարկմանը մասնակից ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն, անդրադառնալով նոր ձևավորվելիք խորհրդարանի կողմից իրականացվելիք խորհրդարանական դիվանագիտությանը, նկատեց, որ առհասարակ մոտեցումների առումով այն վերարժևորման կարիք ունի: Զաքարյանի խոսքով, կարևոր է լինելու նոր խորհրդարանի լիազորությունները և պատասխանատվությունը հաշվի առնելով հանդերձ, սահմանել խորհրդարանական դիվանագիտության այսպես կոչված հաշվետվողականության սկզբունքները:
«Հանձնաժողովներից ու ֆրակցիաներից բացի Ազգային ժողովն ունենալու է նաև խորհուրդ և այս մարմինը արդեն նաև արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ միասին քննարկելու է յուրաքանչյուր պատվիրակության և առանձին վերցրած յուրաքանչյուր պատգամավորի գործունեության արդյունավետությունը ՀՀ սահմաններից դուրս»,- նշեց Ա. Զաքարյանը:
Ամփոփելով քննարկումը՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը շեշտեց, որ խորհրդարանական դիվանագիտության արդյունավետության համար պետք է ապահովվի բոլոր կարևոր ցիկլերի հաջորդականությունը, ինչպիսիք են համակարգումը, իրականացումը, հաշվետվողականությունը և հետևողականությունը: Կարեն Բեքարյանի խոսքով, լիարժեք արդյունավետություն ունենալու համար խորհրդարանը պետք է նաև ակտիվորեն աշխատի փորձագիտական-վերլուծական ընկերակցությունների հետ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ