Եմենի նախագահն Իրանին մեղադրել է տարածաշրջանում ահաբեկչությանն աջակցելու մեջ
Եմենի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադին Իրանին մեղադրել է տարածաշրջանում ահաբեկչությանը բացահայտ սատարելու մեջ։ Նրա խոսքով, Թեհրանը «սնուցում է տարածաշրջանում գործող ահաբեկչական խմբավորումներին»։ Այս մասին գրում է tass.ru-ն։
««Անսար Ալլահ» ապստամբ խմբավորման անդամներն Իրանի աջակցությամբ ջանում են փոխել Եմենում առկա իրավիճակը, ինչը երկրի իշխանությունները թույլ տալ չեն կարող»,- ասել է Մանսուր Հադին՝ ելույթ ունենալով Հորդանանում արաբական երկրների լիգայի գագաթաժողովին։
Նա հայտարարել է, որ իր տվյալներով, Եմենի տարածքների ավելի քան 80 տոկսը ներկայումս գտնվում է երկրի կառավարության վերահսկողության ներքո։ Մանսուր Հադին նշել է, որ Եմենի իշխանությունները կարիք ունեն արաբական երկրների օգնության՝ վերականգնելու ռազմական գործողությունների ընթացքում հասցված ավերածությունները։