Էրմիտաժից հրաժարվում են մեկնաբանել փոխտնօրենին կալանավորելու տեղեկատվությունը
Պետական Էրմիտաժը չի մեկնաբանում թանգարանի փոխտնօրեն Միխայիլ Նովիկովին՝ տնային կալանքի ենթարկելու վերաբերյալ տեղեկատվությունը: Ռիա նովոստիին փոխանցել են թանգարանի մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայի Լեֆորտովյան դատարանը երկու ամսով տնային կալանքի է ենթարկել Էրմիտաժի՝ շինարարարության գծով փոխտնօրեն Միխայիլ Նովիկովին խոշոր չափերի խարդախության վերաբերյալ քրեական գործով:
Իրավիճակին ծանոթ մի աղբյուր Ռիա նովոստիին ասել է, որ նրա ձերբակալությունը կապված է մեծ աղմուկ բարձրացրած «ռեստավրատորների գործի» հետ, որի շրջանակում ձերբակալված է մշակույթի նախկին փոխնախարարը, նախարարության ներդրումային քաղաքականության հարցերով վարչության տնօրենը, Պետական ռեստավրացիոն կենտրոնի տնօրենը և այլ անձիք:
Ավելի վաղ մի քանի ԶԼՄ-ներ հայտնել էին, որ խարդախության գործով ձերբակալվել է նաև մշակույթի նախարարության ներդրումների, վերականգնման և շինարարության վարչության ղեկավար Արտյոմ Նովիկովը, ով, ըստ ԶԼՄ-ների, Միխայիլ Նովիկովի որդին է, բայց նախարարության մամուլի ծառայությունը կտրականապես հերքում է այդ տեղեկատվությունը:
«Ռեստավրատորների գործով» ֆիգուրանտները մեղադրվում են ավելի քան 100 միլիոն ռուբլի վնաս հասցնելու մեջ: Քննությունը կարծում է, որ գումարները հափշտակվել են մի քանի վանքերի, թանգարանի, թատրոնի, ամրոցների վերականգնման աշխատանքների ժամանակ: