14 տոկոսանոց վարկերի 6 տոկոսը կսուբսիդավորի պետությունը. գյուղնախարար
«Հայաստանի կառավարությունը կշարունակի գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագիրը, այդ մասին նախագիծը հաստատվեց գործադիրի նիստում»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի առաքելյանը։
«14 տոկոսանոց վարկերի 6 տոկոսը կսուբսիդավորի պետությունը: 2011-2016 թվականների ընթացքում կառավարությունը նշված ծրագրով սուբսիդավորել է 4,7 մլրդ դրամ։ Ֆերմերներին տրամադրվել է 99,1 մլրդ դրամի 119,4 հազար վարկ, այդ թվում՝ 2016-ին՝ 15 մլրդ դրամի»,-նշեց նա։
Գյուղնախարարի խոսքով՝ իրենք հետևողական են լինելու սերմերի, թունանյութերի և պատվաստանյութերի հետ կապված գործընթացների իրականացմանը։
«Այս տարի 1 710 տոննա սերմ ենք ներմուծել գարնանացան աշխատանքներն իրականացնելու համար: Քանակը ձևավորվել է մարզերի կողմից տրված պահանջարկի հիման վրա: Մոտ 587 մլն դրամի սերմ է, որից 280 մլն դրամը սուբսիդավորվելու է պետության կողմից։ Գործընթացն արդեն սկսվել է»,-ասաց Իգնատի Առաքելյանը:
Նա նշեց, որ պատվաստանյութերը ևս արդեն բերվել են, և Card ընկերության հետ համատեղ սկսվել է պատվաստման ծրագիրը բոլոր մարզերում:
«Մոտ 1 մլրդ դրամ է հատկացվել ծրագրի համար, որից 456 մլն դրամը պատվաստանյութի արժեքն է, իսկ 593 մլն դրամն ուղղվելու է անասնաբույժների և վակցինատորների կողմից կատարվող աշխատանքների վճարմանը»,-հավելեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Խնդրի լուծումն ունենք, միջոցը`չէ. Իգնատի Առաքելյան
- Պարարտանյութերի բաշխումն ու որակը վերահսկվում է. գյուղնախարար