Լոռիում պլանային ջրանջատումը կվերականգնվի ժամկետից շուտ
Վանաձորի` Նովոսելցովո ջրատարից սնվող թաղամասերում և մարզի 13 գյուղերում ջրամատակարարումը կվերականգնվի մարտի 31-ին` մինչև ժամը 06.00-ն,- այս մասին տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ հանրային կապերի ծառայությունը։
Մարտի 27-ին «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն հայտարարություն էր տարածել, որ Լոռու մարզի 13` Վահագնի, Վահագնաձոր, Ձորագյուղ, Եղեգնուտ, Փամբակ, Ձորագետավան, Գուգարք, Անտառամուտ, Կուրթան, Ամրակից, Հոբարձի, Գուլագարակ, Վարդաբլուր գյուղական համայնքների և Վանաձոր քաղաքի ավելի քան 40 տոկոս բնակչության ջրամատակարարումը մարտի 30-ին` ժամը 08.00-ից դադարեցնելու մասին: Պատճառը Նովոսելցովո-Վանաձոր խողովակաշարի վրա տեղի ունեցած վթարներին էին:
«Վանաձոր-Ալավերդի ճանապարհի վրա շինարարական աշխատանքներ կատարելու ընթացքում ճանապարհաշինարարները վնասել էին 1000 մմ տրամագծով մայր ջրատարը` Փամբակ և Վահագնաձոր գյուղերը սնուցող հատվածներում:
Ջրամատակարարման բնականոն ընթացքը վերականգնելու համար անհրաժեշտ էր դադարեցնել Նովոսելցովոյից ջրի մատակարարումը:
Այսօր, ինչպես և պլանավորվել էր, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի «Լոռի» տեղամասի աշխատակիցները, տեխնիկական տնօրեն Արթուր Ենոքյանի գլխավորությամբ, վնասված ջրատարի 3 հատվածներում կազմակերպեցին վթարավերացման աշխատանքներ: Գործի արագ և ճիշտ կազմակերպման շնորհիվ` հաջողվեց աշխատանքները ավարտել նախատեսված ժամկետից շուտ:
Ջրամատակարարումը Վանաձորի` Նովոսելցովո ջրատարից սնվող թաղամասերում և վերոհիշյալ 13 գյուղերում կվերականգնվի մարտի 31-ին` մինչև ժամը 06.00-ն»,-ասված է ընկերության հաղորդագրությունում: