ՀՅԴ-ն լոկ շարքային քաղաքական կուսակցություն չէ. Ազատության հրապարակում ՀՅԴ-ի եզրափակիչ հանրահավաքն է
Ազատության հրապարակում քիչ առաջ ՀՀ օրհներգով մեկնարկեց Հայ հեղափոխական դաշնակցության նախընտրական վերջին հանդիպումն՝ ամփոփիչ հանրահավաքը։
ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը շնորհակալություն հայտնեց հավաքվածներին, որոնք եկել են «միասին նշելու Դաշնակցության հաղթական երթի սկիզբը` դեպի ապրիլի 2»:
Գեղամ Մանուկյանը հիշեցրեց, թե ինչպես են իրենք պայքարել հայ-թուրքական արձանագրությունների դեմ:
«Միասնական հայությունը մեկ պատասխան ուներ զիջողական փաստաթղթին, այսօր կոչ եմ անում բոլորիդ, որ նույն ոճով հանդես գաք՝ ընդդեմ այդ զիջողական փաստաթղթի և ընդդեմ ցանկացած զիջողության Արցախի հարցի: Բոլորս միաբերան ասում ենք՝ ոչ, ոչ, ոչ ցանկացած նման զիջողության»,- հայտարարեց Գեղամ Մանուկյանը:
Նա նշեց, որ ՀՅԴ-ն լոկ շարքային քաղաքական կուսակցություն չէ, որ ընտրություններին մասնակցի, իսկ 5 տարի հետո չկարողանա անգամ խորհրդարանում պատգամավորական ֆրակցիա ունենալ:
Գեղամ Մանուկյանի ելույթից հետո երգի պրեմիերայով հանդես եկավ Գոռ Սուջյանը: Նա ներկայացրեց «Նոր սկիզբ, արդար Հայաստան» երգը, որը ՀՅԴ նախընտրական կարգախոսն է: