Լիբանանյան ընկերությունը մտադիր է ձեռնարկություն հիմնել Հայաստանում
40 տարվա պատմություն ունեցող լիբանանյան MEPTICO ընկերությունը, որն այսօր իր արտադրանքն արտահանում է աֆրիկյան, եվրոպական և արաբական ավելի քան 35 երկրներ, մտադիր է ձեռնարկություն հիմնել Հայաստանում և արտադրանքն արտահանել ԵԱՏՄ շուկա,- այս մասին տեղեկացնում են տնտեսական զարգացման և ներդրումային նախարարության մամուլի ծառայությունից։
Աղբյուրի փոխանցմամբ՝ նախօրեին նախարար Սուրեն Կարայանն ընդունել է լիբանանյան MEPTICO և Երևանում գործող Ice House ընկերության ներկայացուցիչներին։ MEPTICO ընկերության ներկայացուցիչները նախարարին ծանոթացրել են ընկերության գործունեությանը՝ ներկայացնելով արտադրության տեսականին՝ հյութեր և աղանդների փոշիներ, խմորեղենի խառնուրդներ, մածուկներ։
Լոգիստիկ ծառայություններ մատուցող Ice House ընկերության ներկայացուցիչն իր հերթին համառոտ տեղեկացել է Հայաստանում և մի շարք այլ երկրներում, այդ թվում նաև Ռուսաստանում, ընկերության գործունեության մասին և պատրաստակամություն հայտնել համագործակցել լիբանանյան ընկերության հետ՝ կազմակերպելով վերջինիս արտադրանքի իրացումը ՌԴ շուկայում հայտնի առևտրական ցանցերի միջոցավ։
Սուրեն Կարայանը ողջունել է գործարարների մտադրությունը և վստահեցրել, որ նախարարությունը պատրաստ է ուղղորդել և աջակցել իրենց՝ ներկայացված գաղափարն իրականացնելու համար։