Նախարար. Աֆրիկյան ժանտախտը Ռուսաստանում տարեցտարի նոր տարածքներ է զավթում
Խոզերի շրջանում բռնկված աֆրիկյան ժանտախտի համաճարակի հետևանքով Ռուսաստանի գյուղատնտեսությունը 5 մլրդ ռուբլու ուղղակի վնաս է կրել: Այս մասին, «Լենտա.ռու»-ի հաղորդմամբ, հայտարարել է Գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչևը: Եվս մի քանի տասնյակ միլիարդ ռուբլի ուղեկցող վնասներն են:
Ռոսսելխոզնադզորում կայացած հանդիպման ժամանակ նախարարը հիշեցրել է, որ վարակի առաջին դեպքը գրանցվել է 10 տարի առաջ:
«Անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել Գյուղատնտեսության նախարարության լիազորությունների ընդլայնման համար և այդ ոլորտում կարգ ու կանոն հաստատել»,-ասել է Տկաչևը:
2007-ից մինչ այսօր Ռուսաստանի 46 շրջաններում գրանցվել է խոզերի անկման ավելի քան 1000 դեպք, կեսից ավելին եղել է տնային տնտեսություններում, 40 տոկոսը՝ վայրի խոզերի մոտ:
«Տարեցտարի այդ հիվանդությունը նորանոր տարածքներ է զավթում, այս տարի դեպք է գրանցվել նաև Իրկուստկում»,-ասել է նախարարը:
Այս տարվա հունվարին աֆրիկյան ժանտախտի դեպք գրանցվել է Ուկրաինայում: Վիրուսի պատճառով էականորեն կրճատվել է խոզերի արտադրությունը: