Նորմալ ընտրությունների դեպքում մենք շատ հանգիստ խորհրդարան կմտնենք. Րաֆֆի Հովհաննիսյան
«Քվեարկել եմ հանուն հայրենիքի, հերոս տղաների և Հայաստանի Հանրապետության վաղվա օրվա»,- 9/06 ընտրատեղամասում քվեարկությունը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի պատգամավորության թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ ինչպես նախընտրական շրջանում, այնպես էլ հենց այսօր արդեն խախտումներ արձանագրվել են:
«Ամբողջական փաթեթով մենք կներկայացնենք դրանք հասարակությանն այսօրվա վերջում: Այնուամենայնիվ, սա մեր պայքարի մի հանգրվանն է, չենք կարող տանը նստած մնալ և այդ պայքարը պետք է տանել սահմանադրական բոլոր եղանակներով: Բոլոր դեպքում սա իրավական Հայաստան ունենալու հերթական հանգրվանն է, պայքարն է: Դուք գիտեք, թե ինչպես ենք դիտարկում անցյալ բոլոր ընտրությունները: Հավանաբար, այս անգամ քիչ կտարբերվեն մեր գնահատականները, բայց, բոլոր դեպքերում մենք հուսով պետք է ապրենք մեր երկրում, որ վերջապես ունենանք Հայաստանի Հանրապետություն, ոչ թե կուսակցապետություն»,- ասաց Ր. Հովհաննիսյանը:
Հարցին, թե կարո՞ղ եք պնդել, որ դաշինքն անցողիկ շեմի խնդիր չունի, նա նշեց. «Կարծում եմ, որ ազատ և արդար ընտրությունների դեպքում, անգամ այսօրվա դրությամբ, այո, բայց նաև գիտեմ, թե ինչ տեսակի համատարած կեղծիքների են դիմել իշխող ուժերի ներկայացուցիչները: Մենք շատ հանգիստ խորհրդարան կմտնենք նորմալ ընտրությունների դեպքում»:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան