Հայաստանի՝ ԵՄ-ԵԱՏՄ միջև կապող օղակ լինելը չաշխատող է. տնտեսագետ
«Այն, որ մեր տնտեսության վիճակը շատ վատ է, ինչպես և բնորոշել է վարչապետ Կարեն Կարապետյանը, ակնհայտ է, սակայն ոչ ոք չխոսեց այն մասին՝ ինչու է վատ: Բոլորը նախընտրական քարոզարշավի ժամանակ շրջանցեցին այդ հարցը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:
Տնտեսագետի խոսքով, մեր տնտեսության վիճակը վատ է, քանի որ, ըստ էության, ՌԴ տնտեսության ծայրամաս է. «Մենք գիտենք, թե այժմ նրանց տնտեսությունն ինչ վիճակում է՝ ճգնաժամային, իսկ ՌԴ ազդեցությունն ու հսկողությունը մեր տնտեսության վրա այնքան է, որ մեզ արգելում է այլընտրանքային գործընկերներ ունենալ»:
Աշոտ Եղիազարյանի կարծիքով՝ տնտեսության վատ վիճակը կարելի է հաղթահարել՝ մաս կազմելով արևմտյան տնտեսությանը. «Սրա մասին է, որ չի խոսում և չի ուզում անել ոչ ոք: Միայն մեկ կուսակցություն խոսեց, որ դա միակ հնարավորությունն է աշխատատեղեր ստեղծելու ու ներդրումներ բերելու մեր երկիր: Հայաստանի ապագան եվրոպական զարգացած տնտեսական սեկտորն է»:
Լրագրողները տնտեսագետից հետաքրքրվեցին՝ արդյոք հնարավոր է Հայաստանը կապող օղակ դարձնել ԵՄ և ԵԱՏՄ միջև, ինչին նա պատասխանեց. «Արդյունավետ չէ և չի աշխատի»: