Պետական գանձնարանում պահվող և վաճառքի հանված մարգարիտը պահանջարկ չի ունեցել
ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունում պահվում են արժեքներ, որոնց մի մասն իրենցից ներկայացում են մշակութային արժեք: Լրագրողների հետ զրույցում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանն ասաց, որ դրանք գնահատվում են համապատասխան մասնագետների կողմից, առանձնացվում:
Նա նշեց, որ կան արժեքներ, որոնք մշակութային արժեք չեն ներկայացնում, օրինակ՝ ոսկու ձուլակտորներ, մարգարիտներ:
«Ունեինք պահոցում երկար ժամանակ մնացած մարգարիտ, որն իր արդիականությունն արդեն կորցնում էր: Հետևաբար, ճիշտ էր, որ այն հանվեր իրացման: Արեցինք»,- ասաց փոխնախարարը:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 2-ին կառավարության նիստում թույլ էր տրվել «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությանն իրացնել պետական պահուստում հաշվեգրված 102793 (մեկ հարյուր երկու հազար յոթ հարյուր իննսուներեք) գրամ աճեցված (կուլտիվացված) մարգարիտը: Իրավական ակտի հիմնավորումն էր՝ «Պետական պահուստների կառավարումն արդյունավետ դարձնելու և պետբյուջեում համապատասխան եկամուտներ ապահովելու նպատակով հրապարակային աճուրդների միջոցով Պետական գանձարանում գտնվող պետական պահուստներից իրացում»: Ինչպես նաև՝ պետական պահուստներում առկա աճեցված (կուլտիվացված) մարգարիտի պահպանումը ոչ արդյունավետ և աննպատակահարմար է, քանի որ այն տարիների ընթացքում կորցնում է իր արդիականությունը և ենթարկվում է քայքայման` կորցնելով ապրանքային տեսքը և արժեքը:
«Բոլոր այն արձագանքները, որ բյուջեում փող չկա, մարգարիտ ենք իրացնելու, անհաջող ստացվեց, որովհետև որևէ պահանջարկ չի ներկայացվել մարգարիտի նկատմամբ: Հայտարարված մարցույթում հայտ չի ներկայացվել: Փորձելու ենք նորից իրացնել փուլերով»,- ասաց Արմեն Հայրապետյանը:
Նրա խոսքով, այն արժեքները, որոնք մշակութային արժեքներ են, տեղափոխելու են այնպիսի հարթակներ, որտեղ հանրությունը կարող է ծանոթանալ, այն արժեքները, որոնք իրենց մեջ արդիականության կորուստ են պարունակում, պետք է մտածել, թե ինչ մոտեցում ցուցաբերեն, որպեսզի հասարակությունը գոհ լինի այդ գործողություններից:
Հարցին, թե կա՞ն նմուշներ, որոնք վաճառքի կդրվեն, փոխնախարարն ասաց, որ մարգարիտն ամենաառաջնայինն էր, հիմա գույքագրում են մյուսները՝ տեսնելու, որքան նման իր կա գանձարանում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ