Բիզնեսը հիմա զգուշավոր է, անհարկի շտապողականություն չի ցուցաբերում. տնտեսագետ
«Ընտրություններից հետո բիզնեսի՝ Հայաստանի նոր իրողություններին հարմարվելը կտևի մինչև նոր կառավարության ձևավորումը»,- այսօր լրագրաղների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ նախընտրական ու հետընտրական պրոցեսները տնտեսության վրա գնահատելու համար պետք է հաշվի առնել այն պարզ հանգամանքը, որ տնտեսվարող սուբյեկտները նախընտրական շրջանում փորձում են հետաձգել որոշումների կայացում, սպասելով ընտրությունների արդյունքում ձևավորվող վիճակին և դա միայն Հայաստանում չէ:
«Նախորդ տարվա առաջին երկու ամիսների կտրվածքով մենք ունեինք մոտ 6,2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ: Եթե փորձենք կանխատեսել, թե այս տարի մարտի կտրվածքով ինչ է լինելու, հնարավոր է ինչ որ իմաստով ակտիվության ցուցանիշների անկում ունենանք՝ պայմանավորված նախընտրական զարգացումներով, քանի որ բիզնեսը զգուշավոր է ու անհարկի շտապողականություն չի ցուցաբերում»,- ասաց տնտեսագետը:
Ինչ վերաբերում է տնտեսության մասին նախընտրական խոստումներին՝ Խաչատրյանն ասաց, որ այդ շրջանում ուրճացված թվերով խոստումներ լսեցինք. «Ոչ իրատեսական դրույթները շատ էին, բացառությամբ մի քանի կուսակցությունների, որոնք ավելի պատասխանատվությամբ էին վերաբերում իրենց ներկայացրածին: Այնպիսի արտոնությունների մասին էին, որ առաջիկա մի քանի տարիներին հնարավոր չէ իրականացնել»:
Անդրադառնալով մարտի 25-ին Հայաստանում ձևավորված Ներդրողների ակումբին՝ տնտեսագետի խորին համոզմամբ, կարող է արդյունավետ լինել և աշխատել նոր ներդրումների ներհոսքի ապահովման տեսանկյունից:
«Այս ակումբն, ըստ էության, փակ, ոչ հրապարակային, պայմանագրային ներդրումային ֆոնդ է, որի հիմնական խնդիրն է երկրի ներսում ու դրսում առկա կապիտալի ներգրավմամբ՝ որոշակի տնտեսական նախագծեր իրականացնել: Ակումբի արդյունքների մասին վաղ է խոսել, առնվազն վեց ամիս պետք է՝ դրանք տեսնելու համար»,-ասաց Կառլեն Խաչատրյանը՝ նշելով, որ ակումբի համար ընտրված ֆորմատային համադրությունը լավն է և կարող է էլ ավելի մեծ արդյունք ապահովել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում