Արցախի միջազգային ճանաչումը Հարավային Կովկասում խաղաղության գրավականն է. Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակ
Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը հիշեցնում է, որ մեկ տարի առաջ Ադրբեջանը Արցախի Հանրապետության դեմ նախաձեռնել է 1994 թ զինադադարից ի վեր աննախադեպ մասշտաբներով հարձակում։
Այդ հարձակումն ավարտվեց ռազմական անհաջողությամբ, ինչը ևս մեկ անգամ կարևորում է հակամարտության՝ բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը, որը պետք է տեղի ունենա երկու կողմերի՝ Արցախի և Ադրբեջանի միջև անմիջական երկխոսության հաստատման միջոցով։
Բարեկամության շրջանակը նաև հիշեցնում է, որ ադրբեջանական զինված ուժերն իրենց հարձակման ընթացքում Արցախի սահմանամերձ գյուղերի հայ քաղաքացիական բնակչության դեմ իրականացրեցին բազմաթիվ հանցագործություններ:
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վերջերս ընդունել և ընթացք է տվել արցախցի քաղաքացիների կողմից ներկայացված քսաներեք դիմում-բողոքների, որոնց հարազատները ենթարկվել են դաժան խոշտանգումների և ապա սպանվել ադրբեջանական հատուկ ջոկատայինների կողմից։ Կասկած չկա, որ կանոնավոր զինված ուժերին բնորոշ վարքագծին հակասող այդ խոշտանգումներն Ալիևի վարչակարգի հայատյաց քաղաքականության հետևանքն են և հստակ հրահանգների արդյունք»,- նշել է Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը։
Բարեկամության շրջանակը նշում է, որ նման գործողությունները միմիայն նպաստում են անվստահություն մթնոլորտի ամրապնդմանը և տարածաշրջանում խաղաղության հաստատման հեռանկարի հետաձգմանը:
«Ահա թե ինչու նախապայմաններ պետք է հանդիսանան Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը և բանակցային սեղանի շուրջ նրա վերադարձը և ոչ թե Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատմանն ուղղված իրականացվող հիպոթետիկ միջոցառումները», - եզրափակել է Ֆրանսուա Ռոշբլուանը:
Բարեկամության շրջանակը կարծում է, որ մարտի 28-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի միջև տեղի ունեցած հանդիպումը մեկ քայլ առաջ է այդ ուղղությամբ և աջակցում է Մինսկի խմբի առաջարկները, ինչպիսիք են՝ Հարավային Կովկասում ԵԱՀԿ ներկայացուցիչ և դեսպան Անդրեյ Կասպրշիկի դերակատարության ամրապնդումը, ինչպես նաև նրա գրասենյակին՝ հրադադարի վերահսկման և միջադեպերի ծագման վերստուգման նպատակով իրական հնարավորությունների տրամադրումը:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան