Գարունն անփորձանք անցավ, սակայն սելավների վտանգը շարունակում է արդիական մնալ. Կարինե Դանիելյան
Գերազանց կլինի, եթե Երևանի ավագանու ընտրությունների արդյունքում չունենանք միաբևեռ ավագանի, ինչպես դա տեղի ունեցավ ԱԺ ընտրությունների ժամանակ: Կարևոր է, որ այդ մարմնում բազմակողմանի քննարկումներ ծավալվեն: Այս առումով շատ կարևոր է ինչպես «Ելք» դաշինքի, այնպես էլ «Երկիր ծիրանի» կուսակցության մասնակցությունը: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց բնապահպան Կարինե Դանիելյանը:
Նրա խոսքով, տարիներ շարունակ ավագանին զբաղվել է առանձին անհատների հարստացմամբ, Երևանի կենտրոնի խայտառակ քաղաքաշինությամբ. «Հանրապետության հրապարակի շրջակայքի ճարտարապետությունն ազգի խայտառակությունն է, վերջին տարիներին հրապարակն ուղղակի խեղդվել է բարձրահարկ շենքերի մեջ»:
Անդրադառնալով մայրաքաղաքում սելավների հավանականությանը, Կարինե Դանիելյանը նկատեց՝ թեև գարունն անփորձանք անցավ, սակայն դա դեռ չի նշանակում, որ խնդիրը վերացել է. «Որ քաղաքը ռիսկերի առջև անպաշտպան է, միանշանակ է: Սա ասում եմ՝ նախկին փորձը հաշվի առնելով, բացի այդ՝ սելավների հարցում գործուն դեր ունեն նաև կլիմայական փոփոխությունները»:
Ասուլիսին ներկա բնապահպան Հրանտ Սարգսյանն իր հերթին հույս հայտնեց, որ Երևանի նոր ավագանին ավելի արդյունավետ կաշխատի. «Հույս ունեմ, որ կլինեն կարծիքների բախումներ, բանավեճեր՝ ապահովելու մայրաքաղաքի զարգացումը»: